Ինչպէս ընդունւած է ասել ժամանակը դարմանում է ամէն ինչ: Ցաւը ժամանակի մէջ բթանում է, իրավիճակը՝ հանգուցալուծւում:
Թւում է, թէ այս սկզբունքով են առաջնորդւում ՀՀ գործող իշխանութիւնների ամենատարբեր տրամաչափի եւ նշանակութեան ներկայացուցիչները, որոնք խայտառակ պարտութիւնից եւ նւաստացուցիչ կապիտուլիացիայից երեք ամիս անց փորձում են տպաւորութիւն ստեղծել, թէ ոչինչ էլ չի եղել եւ կեանքն ընթանում է իր բնականոն հունով:
Դեռ աւելին. նոյեմբերի 9-ին յաջորդած օրերին ջրի յատակն իջած, ասպարէզից անհետացած, հասարակութիւնից խուսափող ու լալկւած իշխանաւորները, որոնք լաւագոյն դէպքում փորձում էին արդարանալ կատարւածի համար, կարծես, թէ վերականգնել են կորցրած համարձակութիւնը, հիմա արդէն հարցազրոյցներ են տալիս, յայտարարութիւններ են տարածում, եւ յոխորտալից տոնով մեղադրական ճառեր են ասում:
Այդ իշխանաւորներից մէկն էլ սեփական աշխատակազմն արտասահմանեան գործակալական ցանցի ներկայացուցիչներով համալրած, Հայաստանն այլազգիների հայրենիքը դարձնելու «դարակազմիկ» տեսութեան հեղինակ, Սփիւռքի հարցերով գլխաւոր յանձնակատար Զարեհ Սինանեանն է, որը չգիտես ինչու ասպարէզից անհետացել էր 44-օրեայ պատերազմի օրերին, երբ իր գրասենեակը տրամաբանօրէն պէտք է, որ համակարգեր Հայաստանի եւ Արցախի աջակցութեանն ուղղւած Սփիւռքի քաղաքական-քարոզչական գործունէութիւնն ու նիւթատեխնիկական օժանդակութիւնների հոսքը:
Յիշեալ պաշտօնեան օրերս եթերում «խրոխտ» կեցւածք ընդունելով, զգուշացրել է ժողովրդի դէմ այսպէս կոչւած ռեւանշի մասին, եւ, ուշադրութիւն, բոլորին «լրջանալու» կոչ է արել:
Սինանեանը եթերում բացայայտել է Սփիւռքում գործող կառոյցներն ու կազմակերպութիւնները պառակտելու եւ կազմաքանդելու, կապիտուլեանտ եւ դաւաճանական իշխանութիւնների հետ համագործակցելու պատրաստակամ նոր կառոյցներ ձեւաւորելու՝ ՀՀ գործող իշխանութիւնների ծրագրերը:
Սփիւռքեան իրականութեան հետ հաշւի չնստող, ի սկզբանէ ՀՀ գործող իշխանութիւնների օրակարգն առաջ քաշելու եւ համապատասխան քաղաքական նպատակներն իրականացնելու անշնորհակալ եւ ազգակործան գործին լծւած այս պաշտօնեային անհրաժե՞շտ է արդեօք յիշեցնել, թէ ընդհանրապէս ինչ նպատակների իրագործման է կոչւած իր ղեկավարած կառոյցը:
Զարեհ Սինանեանին անհրաժե՞շտ է արդեօք յիշեցնել, որ պաշտօնն ստանձնելու առաջին իսկ օրից ի վեր, իր ղեկավարած կառոյցի անգործութեան, չհաշւարկւած եւ անհամաչափ քայլերի, անիմաստ, բովանդակազուրկ ու ձեւական բնոյթի նախաձեռնութիւնների արդիւնքում ինչպէս է տապալւել ռազմավարական առանցքային նշանակութիւն ունեցող՝ Սփիւռքի հայութեան համախմբման, պատմական Հայրենիքի եւ Արցախի հետ նրանց կապերի ամրապնդման գործը:
Պատասխանը, կարծում ենք, մէկն է եւ միանշանակ. ո՛չ:
Սոյն անձին, անհրաժեշտ է սակայն յիշեցնել, որ պատերազմի աւարտից ի վեր, ողջ հայութեան ստւար մի զանգւածի մօտ ՀՀ գործող իշխանութիւնների նկատմամբ անվստահութեան մթնոլորտը վերաճել է հասարակական անվերադարձ խզման:
Նրան անհրաժեշտ է յիշեցնել, որ անյաղթահարելի հասարակական անջրպետը, լեգիտիմութեան եւ վստահութեան սարսափելի ճգնաժամը կարգաւորել հնարաւոր է միայն ՀՀ գործող իշխանութիւնների հեռացումով: Այլապէս սնամէջ լոզունգների, ոչինչ չասող ճառերի, հասարակութիւնը (Սինանեանի դէպքում՝ Սփիւռքը) պառակտելու խելացնոր նոր սցենարների միջոցով կորցրածը յետ բերել անհնար է:
Այնպէս, որ Զարեհ Սինանեանին անհրաժեշտ է հասկանալ, որ իրականութիւնը հեռու է այն պատկերից, որ ինքը եւ իր գաղափարակիցները փորձում են ներկայացնել: Պատերազմից յետոյ, թէ՛ Հայաստանում, թէ՛ Սփիւռքում հանրային տրամադրութիւնների շրջադարձային փոփոխութիւն է տեղի ունենում:
Մարդիկ յոգնել են սեփական իշխանութիւնը պահելու նպատակով հասարակութիւնը պառակտելու՝ թշնամի բանակների բաժանելու փորձերից: Մարդիկ յոգնել են ատելութեան գեներացման գաղջ մթնոլորտից: Յոգնել են կառուցողական գաղափարներ կեանքի կոչելու՝ ՀՀ իշխանութիւնների անկարողութիւնից: Յոգնել են քաղաքականութիւնը փողոցի յատակի մակարդակի իջեցնելու, պետական համակարգն ու կառոյցները սեփական PR-ին ծառայեցնելու, լայքեր հաւաքելու, ՀՀ վարչապետի աթոռն զբաղեցնող անձի եւ նրա քաղաքական թիմի մանկամիտ գործելաոճից:
Իսկ ամենակարեւորը՝ մարդիկ յոգնել են սեփական Հայրենիքի նկատմամբ արգահատական եւ դաւաճանական վերաբերմունքի նողկալի հոգեբանութեան դրսեւորումներից, յանուն աթոռի պահպանման թշնամու դէմ ծնկելու, ցանկացած զիջման գնալու՝ իմքայլականների նւաստացուցիչ գործելաոճից:
Այնպէս, որ սթափւել է պէտք պարոն Սինանեան: Քանի դեռ ուշ չէ հայելուն նայել, սեփական իրական դէմքը տեսնել, համապատասխան հետեւութիւններ անել ու համարժէք քայլեր ձեռնարկել է պէտք:
Կարծում ենք, գիտէք, թէ խօսքն ինչի մասին է...