կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-13 00:41
Քաղաքական

Քաղաքական դաշտի վերաձեւումները կախված են արտաքին ազդակներից

Քաղաքական դաշտի վերաձեւումները կախված են արտաքին ազդակներից

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի դիտարկմամբ` թե' արտաքին քաղաքական դաշտում, թե' Հայաստանի ներսում էական փոփոխություններ են տեղի ունենում, որոնք այս կամ այն կերպ կազդեն քաղաքական դաշտի դերակատարների վրա: Ըստ նրա` ՀՀ արտաքին միջավայրում լուրջ փոփոխություններ կան, եւ խոշոր տերությունների նախկին ստատուս քվոն էապես լուրջ փոփոխությունների է ենթարկվում:

«ՀՀ իշխանությունները բավականին լուրջ առճակատման դաշտ են մտնում Արեւմուտքի եւ հատկապես` ԱՄՆ-ի հետ, ում դժգոհությունները երկրում տիրող իրավիճակից բավականին մեծ են, ինչի վկայությունն էլ ԱՄՆ պետդեպարտամենտի վերջին զեկույցն է, իսկ Եվրոպան, թեեւ շարունակում է դժգոհ մնալ, բայցեւայնպես աշխատում է իշխանությունների հետ»,- նշեց պատգամավորը:

Ինչ վերաբերում է ներքին կյանքին, ապա, Ս. Սաֆարյանի կարծիքով, փետրվարի 17-ի հուշագրից հետո իշխանություններն անցել են իրենց վերարտադրության գործընթացին եւ օրենսդրությունն այդ գործընթացին հարմարեցնելու գործին: Իսկ իրենց վերարտադրության համար իշխանությունները հերթական անգամ երաշխավոր են տեսնում Ռուսաստանին:

Ամփոփելով խոսքը` բանախոսը նկատեց, որ արտաքին ազդակները շարունակում են էապես ազդել կուսակցությունների վրա, իսկ վերջին զարգացումների ֆոնի վրա արտաքին ազդակների ուժգնությունն ավելի է ամրապնդվում: Առաջիկա ամիսներին էլ, ըստ ընդդիմադիր գործչի, պարզ կլինի, թե քաղաքական ուժերից որը որ դաշտում կգործի: