կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-24 20:32
Քաղաքական

Քաղաքական դաշտի «ինվենտարիզացիա». գործ 3. ՀՅԴ

Քաղաքական դաշտի «ինվենտարիզացիա». գործ 3. ՀՅԴ

ԲԱՐՈՄԵՏՐԻ հետազոտավերլուծական խումբը իրականացնում է «Քաղաքական դաշտի «ինվենտարիզացիա» նախագիծը, որի հիմնական խնդիրը նոր ներքաղաքական կոնյունկտուրայի պայմաններում քաղաքական դերակատարների դիրքավորման և ազդեցության հնարավոր փոփոխությունների վերաբերյալ կանխատեսումներ կատարելն է: Այս նախագծի կենսագործման համար ընտրվել է փորձագիտական գնահատման մեթոդը:

 

125-ամյա Հայ Յեղափոխական Դաշնակցությունը` ՀՅԴ-ն նորանկախ Հայաստանում իր կազմակերպական գործունեությունը սկսել է 1990թ.: 1991թ. կուսակցությունն իր թեկնածուն է ունեցել առաջին ազատ, համապետական, նախագահական ընտրություններում: Երեք տարի անց ՀՅԴ-ի գործունեությունը Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով կասեցվել է: Վերջինի` 1997թ. հայտնի հրաժարականից հետո ՀՅԴ-ն վերականգնել է իր ակտիվ գործունեությունը` 1998թ նախագահական ընտրություններում աջակցելով Ռոբերտ Քոչարյանին, իսկ հաջորդ տարի մասնակցելով ԱԺ ընտրություններին, հաղթահարել է 5 տոկոսի ընտրական շեմը: Հաջորդ տարիներին քաղաքական այս միավորը նույնպես պատկառելի ներկայություն է ունեցել ՀՀ քաղաքական կյանքում: ՀՅԴ-ն երկու անգամ ընդգրկվել է նաև ՀՀ կոալիցիոն կառավարություններում:

 

Ներկայում ՀՅԴ-ն մեր քաղաքական դաշտի առավել մեծ կազմակերպական և կադրային ներուժ ունեցող քաղաքական միավորներից է, որը վերջին ներքաղաքական գործընթացների համատեքստում` հատկապես ԲՀԿ-ի թուլացման ֆոնի վրա, ոչ միայն ամրապնդել իր քաղաքական դիրքերը, այլև սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի ընդունման գործընթացում ակնկալվող ծանրակշիռ դերակատարմամբ պայմանավորված, կարող է զգալիորեն մեծացնել իր ազդեցությունը քաղաքական դաշտում: ՀՅԴ-ի հիմնական առավելությունների մեջ մշտապես առանձնահատուկ տեղ է ունեցել նրա գաղափարականացված կուսակցության համարումը, որը ՀՅԴ-ին շահեկանորեն առանձնացնում է մյուս քաղաքական միավորներից:

 

Եթե այսօր խոսում են այն մասին, որ ԲՀԿ-ն առանց Ծառուկյանի, ըստ էության, չի կարող լուրջ դերակատարում ունենալ, ապա ՀՅԴ-ի պարագայում այս դատողությունը, միանգամայն, տեղին չէ: Ակնհայտ է, որ այս կուսակցության "լինել-չլինելը" առնչություն չունի նրանում որևէ կարգավիճակ ունեցող այս կամ այն գործչի քաղաքական մասնակցությունից: Ինչ խոսք, ցանկացած ՀՅԴ-ական կարող է նպաստել իր կուսակցության գործունեության արդյունավետությանը, սակայն դրանով հանդերձ բացառապես միայն իրենից չէ կախված նրա հաջողությունն ու անհաջողությունը:

 

ՀՅԴ-ի առավելությունների շարքում պետք է դիտարկել կուսակցության ապակենտրոնացվածությունը և հարուստ կադրային բազան: Այս քաղաքական միավորը միշտ աչքի է ընկել պատրաստված, մտավոր և կազմակերպական բարձր ներուժով օժտված կադրերով, որոնց մշտապես գործուղել է թե օրենսդիր, թե գործադիր մարմիններում և թե դիվանագիտական կորպուսում խիստ պատասխանատու աշխատանքների: Հատկանշական է, որ ՀՅԴ-ակաները այդ գործունեությունների մեջ իրենց ամենալավ կողմերով են դրսևորել:

 

Այս ամենով հանդերձ ՀՅԴ-ն որոշակի խնդիրներ ունի, որոնք առնչվում են գաղափարաքաղաքական առաջնահերթությունների արդիականացման և ճկունության հետ: Կուսակցությունը պետք է փորձի սոցիալիստական գաղափարական ուղղության ժամանակակից արժեքներն ու զարգացման տենդենցներն արդյունավետորեն ադապտացնել ՀՅԴ-ի գաղափարախոսությանը` դրանց հիման վրա նաև ձևավորել ունիկալ քաղաքական առաջարկներ:

 

Նման մոտեցումը հնարավորություն կտա որոշակիորեն ընդլայնել կուսակցության անդամության սոցիալական բազան և նոր դեմքեր բերել քաղաքական դաշտ: Թե չէ ստացվում է, որ այս կուսակցության մեջ միշտ նույն դեմքերն են, որոնք իրար ռոտացիայով փոխում են տարբեր պաշտոններում:

 

Քաղաքական կանխատեսում

 

Բոլոր նախադրյալները կան, որ ՀՅԴ-ն մինչ 2017թ. ԱԺ ընտրությունները` կոալիցիոն կառավարության մաս կազմի: Ամբողջ հարցը, թերևս, ժամկետների մեջ է` սահմանադրական բարեփոխումների հանրաքվեից առաջ, թե՞ հետո: Ըստ ամենայնի, ՀՀ նախագահը Կառավարությունում փոփոխություններ կնախաձեռնի Հանրաքվեի արդյունքում բարեփոխումների փաթեթի ընդունվելուց հետո, որը կարող է համընկնել հաջորդ տարվա գարնան հետ: Այս մոտեցումը ավելի հիմնավոր է այն առումով, որ ՀՅԴ-ն ուղղակի "կվաստակի" է այդ իրավունքը` որպես փոփոխությունների ջատագով հիմնական քաղաքական ուժերից մեկը:

 

Անհիմն չեն թվում նաև տեղեկություններն այն մասին, որ նոր կոալիցիոն հուշագրով ՀՅԴ-ն կստանա երեք նախարարի և երկու մարզպետի պաշտոններ: Անշուշտ, միանշանակ չեն, թե հատկապես ո՞ր ոլորտների և մարզերի մասին են արդեն մի քանի ամիս լրահոսում շրջանառվող տեղեկությունները: Մի խոսքով, ՀՅԴ-ն հնարավոր է 2017թ. ԱԺ բախտորոշ ընտրություններին մասնակցի վարչական պատկառելի ռեսուրսների տիրապետման պայմաններում, որը նրան տարբեր քաղաքական իրավիճակներում կարող է ապահովել 2-4 տոկոսանոց ֆորա:

 

Աղբյուրը՝ barometer.am