Փոխարժեքներ
02 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 420.51 |
RUB | ⚊ | ₽ 3.95 |
GBP | ⚊ | £ 499.95 |
GEL | ⚊ | ₾ 141.88 |
«Անցած քառօրյայի ժամանակ, երբ մենք բոլոր կետերով կարողացանք մեր հակառակորդներին ուղղակի ջախջախել` ցույց տալով, որ մեր առաջարկածն իսկապես ռեալ բարեփոխում է, իսկ նրանցը` վատ, կեղծված կոսմետիկայով իրավիճակը կոծկելու փորձ, հաղթեց, սակայն, թվաքանակը»,- Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ այսօր հրավիրված քննարկման ժամանակ ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննեսյանը:
Նա նշեց, որ հետաքրքիր կլիներ լսել նաեւ իր ընդդիմախոսներին: «Կա՞ն, ծնվե՞լ են ինչ-որ հակափաստարկներ, թե՞ այդ հակափաստարկները չկան, դրա համար էլ նրանցից ոչ ոք չի եկել»,- նկատեց պատգամավորը` ենթադրելով, որ երկրորդն ավելի մոտ է ճշմարտությանը:
Խոսելով ընդդիմության ներկայացրած տարբերակի մասին` Վ. Հովհաննեսյանը նշեց, որ միակ փրկությունը ընտրություններից հետո ընտրությանը մասնակցածների ցուցակների հրապարակումն է, ինչը, սակայն, խորհրդարանական մեծամասնության մոտ «հիստերիա» է առաջացրել. «Մեզ ասում են` ո՞նց, բա ընտրության գաղտնիությունը ինչպե՞ս կարելի է խախտել, մինչդեռ ամբողջ աշխարհում սկսել են հասկանալ, որ ընտրության գաղտնիությունը չի կարող խոչընդոտ լինել ավելի կարեւոր իրավունքին`ընտրությունների միջոցով իշխանությունը փոխելուն»:
Վ. Հովհաննիսյանը նաեւ կարծիք հայտնեց, որ Ընտրական օրենսգրքի նոր տարբերակում ոչ մի նոր, ռեֆորմիստական կետ չկա, յուրաքանչյուր փոփոխություն զուտ ձեւական բնույթ է կրում, եւ կարող է նշանակություն ունենալ, եթե հիմնական հարցը լուծվի, իսկ հիմնական հարցերից, ըստ Հովհաննեսյանի, նոր տարբերակում անդրադարձ է կատարված միայն մեկին` հանձնաժողովների ձեւավորմանը:
Եթե մինչեւ հիմա ընտրական հանձնաժողովները վերից վար ձեւավորվում էին կուսակցական սկզբունքով, ապա այժմ առաջարկվում է, որ իշխանությունները նշանակեն իրենց պատասխանատուներին, եւ միայն ամենաստորին տեղամասային հանձնաժողովներում լինի կուսակցական ներկայություն:
«Հարց է առաջանում` ինչի՞ համար,- հարցրեց պատգամավորը եւ ավելացրեց,- որ վերջում հնարավոր լինի մեղքը բարդել այդ խեղճ ու կրակ տեղամասային հանձնաժողովի վրա, որտեղ ներկայացված են կուսակցությունները, եւ սկսել ափեղ-ցփեղ խոսակցությունները կուսակցությունների հաշվին, իսկ այն վերեւի նստած գայլերը բացարձակապես ոչ մի բանի համար պատասխանատու չլինեն»:
Ամփոփելով` պատգամավորը նշեց, որ առաջարկվող տարբերակը խառն է, պրակտիկորեն ոչ մի տեղ չկիրառվող եւ շատ լուրջ ծուղակներ է պարունակում: