կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-23 07:27
Քաղաքական

Կոդեքսավորը

Կոդեքսավորը

«Քրիստոնեությունն ինձ համար, կրոն լինելուց առաջ կամ դրանից առավել, բարոյական կոդեքս է: Իսկ այդ կոդեքսը կտրականապես մերժում է քրիստոնեական առաքինությունների` բարեպաշտության, ողորմածության, խոնարհության, հեզության, բարեգործության, այդ թվում նաեւ` ծոմապահության ցուցադրականությունը». Լևոն Տեր-Պետրոսյանի այս խոսքերի տակ երևի ստորագրեին քրիստոնեական բոլոր առաջնորդները եւ նրանց հավատավոր հոտերը:

 

Մի բան, սակայն, պարզ չէ` թիվ մեկ հավատացյալը կամ քրիստոնեական կոդեքսի հավատարիմը, ինչպես կուզեք, այդ որտե՞ղ տեսավ բարեպաշտության, ողորմածության, խոնարհության, հեզության, բարեգործության, այդ թվում նաեւ` ծոմապահության ցուցադրականություն: Մի՞թե Րաֆֆի Հովհաննիսյանի գործողություններում:

 

Ներողություն, բայց որքան անհերքելի են քրիստոնեական կոդեքսի պահանջները, նույնքան էլ վիճելի են մեկի կողմից մյուսի արարքին տրվող գնահատականները: Չի բացառվում, որ մարդկությունն իր գոյության ընթացքում զանազան ատյաններ է ստեղծել, որպեսզի կարողանա իր համար վերջնականապես պարզել, թե որ արարքն ինչ է իրենից ներկայացնում, եւ դատապարտելի՞ է այն, թե՞ դրվատանքի արժանի:

 

Հիմա տեսնում ենք, որ կոդեքսավոր Լևոն Տեր-Պետրոսյանը մեր անկոդեքս գլխին ավետարան է կարդում եւ բացատրում մեզ, թե ինչու չպետք է հավատալ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի անկեղծությանը: Ինչի Լևոն Տեր-Պետրոսյանը Սողոմոն իմաստո՞ւնն է, Հռոմի պապի՞ն, թե՞ Ամենայն Հայոցը, որ դոգմաներով է մեկնում քաղաքական գործչի քայլը: Իսկ գուցե պատճառն այն է, որ Րաֆֆին այդ հացադուլն անում է ճիշտ պահին` ճիշտ տեղո՞ւմ:

 

Ներողություն` բայց մենք էլ հրապարակավ նստոտում էինք օպերայի քարերին, որ Լևոնին ազատեն ու բերեն Հայաստան: Թաքուն չէինք նստոտում, չէ՞: Հիմա կասեն` Լևոն Տեր-Պետրոսյանին ազատելը քաղաքական պահանջ էր: Յա~ա~ա~, չէինք իմացել: Բա ինչո՞վ Րաֆֆի Հովհաննիսյանի քայլը քաղաքական չէ, եթե նա ասում է, որ նախագահի պաշտոնը պետք է վեր լինի կուսակցական ամեն ինչից: Վերցնենք հենց կոալիցիոն համաձայնագիրը: Դա պատահաբար քրիստոնեական կոդեքսի պահանջներով ստեղծված փաստաթուղթ չէ՞: Ստացվում է, որ հենց այդպիսի մի բան է, որովհետև, երբ մարդը դրա դեմ բողոք է հայտնում, նրա արածը, չգիտես ինչու, հակաքրիստոնեություն է որակվում:

 

Ինչ էինք ուզում ասել: Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքական ասպարեզում որևէ սրբություն չի ունեցել, չունի եւ չի ունենալու: Սա է նրա կոդեքսը: Մնացած ամեն ինչը ծամածռություն է: Կոնկրետ այս դեպքում` նա խնդիր ուներ արդարացնել իշխանությունների հետ սերտաճումը եւ, Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին մի քանի վայրկյան կանգնելով, չցանկացավ առաջին օրով ստվերել իր այդ հաջողությունը:

 

Լսեք արդարացումը. «Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը հրապարակային ծոմապահության փոխարեն կոնկրետ քաղաքական պահանջներով հացադուլ հայտարարեր, ես ոչ միայն կողջունեի, այլեւ լիակատար զորակցություն կհայտնեի նրան»: Ուզում ես ասել` քեզ լինի քո զորակցությունն էլ, կոդեքսն էլ, բայց չես կարողանում, որովհետև չունի այս մարդը ո'չ մեկը եւ ո'չ էլ մյուսը:

 

Հավանաբար Լևոն Տեր-Պետրոսյանը չափից շատ էր ողջունում ու զորակցում նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանին: Վերջինս, տեսանք, թե ինչպես փախուստ տվեց ու մի կերպ փրկվեց Պապիի ճիրաններից: Իսկ գուցե մի քանի անտուն կուսակցությունների սեփական հարկի տակ պահե՞լն է համարվում ճշմարիտ քրիստոնեություն: Թող նրանցից մեկնումեկը թպրտա` մարքսիստ պապիի օրը կգցի նրան Լևոնը:

 

Եվ, վերջապես ամենաթարմ օրինակը` Տիգրան Կարապետյանը: Նրա մեղքը ո՞րն էր, որ Լևոն պապին ոչ միայն չողջունեց, այլև զորակցություն չհայտնեց: Նա էլ հո հացադուլ չէ՞ր անում, որ «քրիստոնեաբար» մոտեցավ: «Ես եմ ներին, եւ ամենքդ պարտավոր եք իմ հետևից գալ, նաև եկեղեցին ու քրիստոնեությունը, եթե հարկ լինի: Եվ վայ նրան, ով շեղվի»: Սա նույնպես կոդեքս է: Այն կոչվում է Լևոնի կոդեքս, եւ ոչ մի Մանդակունի իրավունք չունի մեկնաբանելու այն:

 

Ճիշտն ասած` ես հիմա ամենից շատ վախենում եմ հայրենի իշխանությունների համար: Ի՞նչ է լինելու նրանց ճակատագիրը, երբ Լևոն Տեր-Պետրոսյանն սկսի իր կոդեքսները տարածել առանձին բարձրումիջին չինովնիկների վրա: Համա թե մասխարա վիճակ է լինելու: Թող փորձեն, օրինակ, Նիկոլին մի գործ չտան, ինչ է թե քաղբանտարկյալ է: Լևոնը կբացի Սուրբ գիրքն ու…

 

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ