|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ ՌԴ ներկայացուցիչ Իգոր Պոպովը, Ֆրանսիայի ներկայացուցիչ Ստեֆան Վիսկոնտին և ԱՄՆ ներկայացուցիչ Էնդրյու Շոֆերը, առաջիկայում կայցելեն Հայաստան և Ադրբեջան: Այս մասին ասվում է սեպտեմբերի 25-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածած հաղորդագրությանում:
Նշվում է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակում միասնական և անհատական հանդիպումներ են ունեցել ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:
Համանախագահներին հանդիպման ընթացքում միացել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
Հավելվում է, որ համանախագահները երկու երկրների նախարարներին տեղեկացրել են հունիսին Վաշինգտոնում ունեցած միասնական հանդիպումից հետո իրենց գործունեության մասին, ներառյալ՝ վերջերս Փարիզում և Ժնևում ունեցած խորհրդակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ:
Համանախագահները անդրադարձ են կատարել նաև ամառվա ամիսների ընթացքում բռնությունների գործադրման նվազմանն ուղղված՝ կողմերի ջանքերի դրական արդյունքներին` ափսոսանք հայտնելով վերջին դժբախտ պատահարի առնչությամբ: Համանախագահներն ու նախարարները քննարկել են լարվածության թուլացմանն ուղղված լրացուցիչ միջոցառումների կիրառման հնարավորությունը, ինչպես նաև առավել առարկայական քննարկումների համար նպաստավոր մթնոլորտի պահպանման անհրաժեշտությունը: