կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-21 23:32
Քաղաքական

Հայաստանի, Ադրբեջանի ԱԳ նախարարներն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները համատեղ հայտարարություն են ընդունել

Հայաստանի, Ադրբեջանի ԱԳ նախարարներն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները համատեղ հայտարարություն են ընդունել

Ապրիլի 21-ին տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի տեսակոնֆերանսը, որն անցկացվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ։ Այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Մասնակիցներն քննարկեցին տարածաշրջանում նոր տիպի կորոնավիրուսի տարածման արդյունքում ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով, որ այս նոր մարտահրավերին առերեսվում են տարածաշրջանի բոլոր ժողովուրդները՝ անկախ քաղաքական սահմաններից: Անդրադարձ կատարվեց տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումներին:

Նոր տիպի կորոնավիրուսի դեմ մղվող գլոբալ պայքարի համատեքստում առանձնահատուկ ընդգծվեց հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման և ամրապնդման ուղղությամբ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը: Այս տեսակետից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարևորեցին իրենց հայտարարությունը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի համաշխարհային զինադադարի վերաբերյալ կոչը:

Ապրիլի 21-ին կայացած խորհրդակցությունների արդյունքներով ընդունվեց Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարություն: