Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստին, որի ընթացքում ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հաշվետվություն է ներկայացրել ՀՀ-ում հանցավորության դեմ տարվող պայքարի և հասարակական կարգի ապահովման վիճակի մասին, իսկ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը զեկուցել է ՀՀ ոստիկանության գործունեության ոլորտում 2010-2011 թթ. բարեփոխումների ծրագրով նախատեսված միջոցառումների կատարման ընթացքի մասին:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը, հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել բարեփոխումների տեմպին, իրականացվող քայլերի արագությանը և, անշուշտ, շոշափելի արդյունքների ձեռքբերմանը:
«Բավականաչափ աշխատանք է կատարված իրավական, նորմատիվ դաշտի կատարելագործման ուղղությամբ, բայց ժամանակն է արդեն տեսանելի լուրջ արդյունքներ ունենալ գործնական հարթությունում, կյանքում, որպեսզի և՛ մենք տեսնենք, և՛ դուք տեսնեք, և՛ մեր հասարակությունը տեսնի: Ես պատրաստվում եմ շատ ավելի ակտիվորեն մասնակցել ոստիկանական համակարգի փոփոխությունների գործընթացին: Պատրաստվում եմ ամենօրյա ռեժիմով աջակցել փոփոխություններին խոչընդոտող խնդիրների լուծմանը, սատարել դրական զարգացումներին, կանգնել սրտացավ գործող ոստիկանի կողքին, օժանդակել պրոֆեսիոնալ և գործին նվիրված կադրերի առաջխաղացմանը: Միասին մենք ավելի ակտիվ գործելու ենք նոր հնարավորությունների ստեղծման, միջոցների հայթայթման, տեխնիկական հագեցվածության բարձրացման, պրոֆեսիոնալ խմբերի ավելի արագ կայացման և այլ ուղղություններով»,- նշել է նախագահը: