| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Արաբական աշխարհից թերեւս ամենաքիչն էր սպասելի, որ տեխնիկական զարգացվածությունը խթան լինել հեղաշրջման համար: Սակայն հեղաշրջումն արդեն իրողություն է, եւ ներկայումս տարբեր պետություններում փորձում են կանխատեսել, թե սոցիալական ցանցերն ի՞նչ ազդեցություն կունենան քաղաքական, սոցիալական իրավիճակի վրա, եթե նման խնդիր առաջ գա հենց իրենց երկրում:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր Արթուր Աթանեսյանն ասաց, որ ներկայումս սոցիալական ցանց ասվածն ուղղակիորեն ասոցացվում է ինտերնետի հետ, սակայն դա այդպես չէ:
Բանն այն է, որ սոցիալական ցանցը մարդկանց փոխադարձ հաղորդակցությունների համակարգն է, եւ անկախ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման մակարդակից` մարդիկ միշտ հաղորդակցվել են իրար հետ` ուղղակի կամ երկրորդական կապերի միջոցով:
«Ինտերնետ սոցիալական ցանցերը ուղղակի կրկնօրինակում են իրական սոցիալական ցանցերը: Դուք գիտեք, որ «Ֆեյսբուքում» գրանցված մարդկանց մեծ մասն իրենց կապերով պարզապես տեղափոխվել է ինտերնետ: Այդ կապերը եղել են իրականության մեջ»,- ասաց Ա. Աթանեսյանը:
Այստեղից հետեւություն` միանշանակ չի կարելի ասել, որ ինտերնետային սոցիալական ցանցերն են հեղաշրջում անում. «Եթե մարդիկ պատրաստ են հեղաշրջելու իրենց երկրի քաղաքական կարգը, ապա, անկախ տեղեկատվական միջոցներից, իրենք դա կանեն: Հիշենք 1917 թվականի սոցիալիստական հեղափոխությունը` ինտերնետ չի եղել, բջջային հեռախոս չի եղել, բայց սոցիալական ցանցեր եղել են»:
Ըստ բանախոսի` պետք չէ գերագնահատել ինտերնետի դերը, այն պարզապես մարդկանց ավելի արագ համախմբելու միջոց է: Օրինակ` եթե նախկինում թռուցիկներ էին տարածում, ապա այսօր հնարավոր է ընդամենը մի քանի րոպեում հարյուրավոր մարդկանց նույն հաղորդագրությունն ուղարկել: