Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թուրք գրողները մեծապես ազդվել են Թուրքիայում Ցեղասպանության հարցում տիրող ժխտման քաղաքականությունից, ինչն էլ իր արտացոլումն է գտել նրանց ստեղծագործության մեջ:
Թուրք գրողները մեծ մասամբ անտեսել են Հայոց ցեղասպանության խնդիրը, սակայն մակերեսային անդրադարձներն անգամ փաստում են, որ թուրքական հասարակության որոշակի շերտերում Ցեղասպանության մասին հիշողությունները պահպանվել են: Այս մասին «Հայոց ցեղասպանության թեման ժամանակակից թուրքական գրականության մեջ» գրքի շնորհանդեսի ժամանակ հայտարարեց գրքի հեղինակ, ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
Գիրքը հրատարակվել է Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում: Ներկայացված է Հայոց ցեղասպանության թեմայի ուղղակի եւ անուղղակի արտացոլումը 20-21-րդ դարերի թուրքական գրականության մեջ:
Ինչպես նշեց հեղինակը, հայ իրականության մեջ առաջին անգամ է, որ Հայոց ցեղասպանության թեման դիտարկվում է այս տեսանկյունից:
«Կարդացել եմ թուրք հեղինակների ավելի քան 150 գիրք, որոնցից ընդամենը 20-ում` այն էլ հաճախ 1 տողով կամ նախադասությամբ է արծարծված եղել Ցեղասպանության թեման»,- ասաց Ռ. Մելքոնյանը:
Հեղինակը նշեց նաեւ, որ 21-րդ դարի թուրքական գրականության մեջ կան գրքեր, որոնց հերոսը Ցեղասպանության հետեւանքով կրոնափոխ եղած հայն է, ում պատմածն ուղղակի կամ գեղարվեստականորեն վերարտադրել է թուրք գրողը: Նմանօրինակ գրքերից է Մուրադ Քահրամանի «Ճիչ»-ը:
Ինչպես նշեց Ռ. Մելքոնյանը, այս գրքերին թուրք ընթերցողներն ակտիվ արձագանքել են` ասելով. «Նոր-նոր եմ հասկանում, որ տասնամյակներ շարունակ ապրել ենք ստի մեջ», «Եթե իմ երեխան հարցնի 1915 թ. մասին, ես նրան ցույց կտամ այս գրքերը»: