կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-20 19:01
Մշակույթ

ՀԳՄ համագումարին գրողները կողմ ու դեմ էին միաժամանակ

ՀԳՄ համագումարին գրողները կողմ ու դեմ էին միաժամանակ

Ավարտվեց ՀԳՄ համագումարը եւ ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀԳՄ նախագահ ընտրվեց Էդվարդ Միլիտոնյանը: Մինչ այդ, այն, ինչ կատարվեց ՀԳՄ համագումարին, դժվար է անուն տալ:

 

Վեճի շղթան ծայր առավ համագումարի քարտուղարություն ընտրելիս, այսինքն` հենց սկզբից: ՀԳՄ քարտուղարության կազմում ընդգրկվեցին Պետրոս Դեմիրճյանը, Ավիկ Իսահակյանը, Վազգեն Գաբրիելյանը, Հրաչյա Սարուխանը, իսկ քարտուղարության նախագահը` Վազգեն Գաբրիելյանը նշանակվեց: Սակայն ՀԳՄ անդամ Աշոտ Խաչատրյանին (ով մեղմ ասած` փոքր-ինչ գինովցած էր) չգոհացրեց այս ընտրությունը, եւ նա պահանջեց, որ հաշվի առնեն անգամ մեկ անձի ձայնը եւ անվավեր համարեն քարտուղարության կազմը: Սակայն երբ Էդվարդ Միլիտոնյանը խնդրեց նրան չխանգարել` ասելով` «Ընկեր, մի խանգարիր», վերջինիս պատասխանը չուշացավ` «Ես քեզ ինչ ընկեր»: Խաչատրյանը դուրս եկավ դահլիճից` ասելով.«Էս ինչ էր, Բրեժնեւը ք… ք էր կերել»:

 

Հաջորդ քայլը հաշվիչ հանձնաժողով ընտրելն էր: Երկարատեւ վեճերից եւ քննարկումներից հետո որոշվեց, որ հաշվիչ հանձնաժողովի անդամները կլինեն առաջադրված թեկնածուների կողմից երկուական մարդ, իսկ Վազգեն Գաբրիելյանն առաջարկեց, որ հանձնաժողովի վերջին` յոթերորդ անդամը պետք է լինի երիտասարդ գրողների կողմից՝ Արքմենիկ Նիկողոսյանը:

 

Թատերագետ, ՀԳՄ անդամ Լեւոն Մութաֆյանը նկատեց, որ նախորդ ընտրություններին մի շարք խախտումներ են եղել, եւ շատ ճիշտ որոշում ընդունվեց, որ հաշվիչ հանձնաժողովում ընտրվեցին երկուական վկաներ` առաջադրված թեկնածուների կողմից, ինչն այլեւս խոսակցությունների տեղիք չի տա:

 

Հերթը ելույթներինն էր. որքա՞ն ժամանակ հատկացնել մեկ ելույթին. որոշվեց` հինգ րոպե: Սակայն, երբ ելույթների ժամանակ բանախոսներին հարցե էին տալիս, վերջիններս պահանջումէին հարց ու պատասխանի մասը հանել ելույթին հատկացված ժամանակահատվածից:

 

Իսկ ելույթները բոցաշունչ էին, որոնց ընթացքում պարզվեց մեկ բան` ՀԳՄ-ն իր գործունեության ընթացքում միայն խախտումներ է արել ու բացթողումներ ունեցել: Ելույթները սկսվում եւ ավարտվում էին «պետք է»-ներով... Մի հարց, սակայն, շատերին էր հուզում. գրողներից շատերը վստահ էին` Սփյուռքի գրողները չպետք է մասնակցեն ընտրությանը, քանի որ ներկա չէին համագումարին, եւ կարծես նրանց օգտագործում են` զուտ ձայներ ապահովելու համար:

 

Ելույթներից հետո վերջապես անցան քվեարկության, որից հետո էլ` ձայների հաշման արարողությանը, եւ պետք է փաստել, որ վերջին երկու իրադարձություններն անցան, բարեբախտաբար, առանց աջ ձեռքն օդում թափահարելու:

 

Քվերակության ժամանակ ՀԳՄ անդամ Սիլվանա Հովակիմյանը հայտնվել էր անելանելի վիճակում. վերջինս չնայած նրան, որ ուներ ՀԳՄ անդամատոմս, սակայն իր անունը չկար ընտրողների ցուցակում: Պարզվեց` Հովակիմյանը հանդիսանում է ՀԳՄ պատվո անդամ, որի համար էլ իր անդամատոմսը համար չուներ եւ, բնականաբար, քվեարկել չէր կարող: Վազգեն Գաբրիելյանը տիկնոջը տեղեկացրեց, որ անհրաժեշտ է համագումարիցհետո ՀԳՄ ներկայանալ եւ պահանջել, որ անտամատոմսը գրանցեն: Ի պատասխան տիկինը նշեց.«Գիտեք` ես մի քանի լեզուների եմ տիրապետում: Լեւոն Անանյանն ինձ վերջերս է այս տոմսը տվել. ես ինչ մեղավոր եմ, կամ ինքն ինչ մեղավոր է, որ մահացել է: Այս ինչ բան է»:

 

Հաշվող հանձնաժողովը որոշեց, որ լրագրողներին թույլ չեն տալու ներկա լինել ձայների հաշմանարարողությանը, սակայն որոշ ժամանակ անց` լրագրողներին ներս հրավիրեցին` իրենց ներկայությամբ ձայների հաշման ընթացքի արդարությունը փաստելու համար:

 

 

Հուսանք` ՀԳՄ հաջորդ համագումարը, ինչպես նշեց ՀԳՄ անդամ Ղուկաս Սիրունյանը, չի վերածվի Մալաթիայի տոնավաճառի...

 

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Հ. Գ. ՀԳՄ համագումարի առավել «ուշագրավ» մասերը` տեսանյութում: