կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-20 01:27
Արցախ

Ամենամեծ արդյունքը կա` Ղարաբաղն անկախ է

Ամենամեծ արդյունքը կա` Ղարաբաղն անկախ է

Ուղիղ 23 տարի առաջ այս օրերին Լեռնային Ղարաբաղի հայ ազգաբնակչությունը հանդես եկավ Հայաստանի հետ վերամիավորվելու պահանջով` չնայած գործընթացը սկսվել էր ավելի վաղ:

 

1988 թվականը շրջադարձային էր ինչպես Ղարաբաղի, այնպես էլ ամբողջ հայության համար: Այդ տարվա փետրվարի 20-ին ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում ընդունեց դուրս գալ Ադրբեջանական ԽՍՀՄ կազմից եւ միանալ Հայաստանին: Համապատասխան դիմումներ ուղարկվեցին Ադրբեջանի Գերագույն խորհրդին, Հայաստանի Գերագույն խորհրդին եւ ԽՍՀՄ Գերագույն խորհրդին` վերջինիս խնդրելով բավարարել ԽՍՀՄ օրենսդրության եւ միջազգային իրավական նորմերի վրա հիմնված իրենց որոշումը:

 

Ի՞նչ նպատակ էր դրվել 1988-ին, ինչի՞ ենք հասել: Այս եւ այլ հարցերի շուրջ ԵՐԿԻՐ-ի թղթակից Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ զրուցել է Ղարաբաղյան շարժման ակտիվիստ, Հադրութի բնակիչ Գագիկ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ հետ:

 

- Պարոն Ավանեսյան, Դուք եղել եք շարժման ակունքներում եւ Հադրութում ակտիվորեն մասնակցել եք ե'ւ ստորագրահավաքներին, ե'ւ ժողովներին, ե'ւ ցույցերին: Ի՞նչ եք կարծում, հասե՞լ ենք այն նպատակին, որ դրվել էր այն ժամանակ:

- Այն ժամանակ ամենագլխավոր նպատակը Հայաստանի հետ վերամիավորումն էր, ինչին դե ֆակտո հասել ենք: Ճիշտ է, այսօր անկախ ենք, բայց դա ինչ-որ տեղ կարող է վնասել մեր զարգացմանը, քանի որ տեղի հիմնախնդիրները լուծվում են միայն այստեղ, երկրից դուրս չես էլ կարող բողոքել: Ցավոք, ներկայիս ղեկավարությունը պետական մտածողություն չունի, որովհետեւ անձնական ամբիցիաներն ավելի առաջնահերթ են համարում: Իհարկե, այն ժամանակ առաջ էին քաշվել նաեւ մի շարք սոցիալական հիմնախնդիրներ, որոնցից երեւի ոչ մեկն էլ չի լուծվել: Ճիշտ է, Խորհրդային միությունը փլուզվել է, իրավիճակը փոխվել է, սակայն, ազատագրելով մեր տարածքները, դարձյալ բնակարանային խնդիր ունենք, այն դեպքում, երբ բնակչությունն էլ է քչացել: Հասկանալի է, որ օբյեկտիվ խնդիրներ կան, բայց գոնե հարկավոր է հնարավորն անել: Մի խոսքով` այն ժամանակ առաջադրված սոցիալական հարցերից ոչ մեկն էլ չի լուծվել` օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով, իմ կարծիքով, բնակարանային հարցը` լրիվ սուբյեկտիվ պատճառով:


- Շա՞տ ենք շեղվել ժողովրդավարական, սոցիալական արդար երկիր կառուցելու ճանապարհից:

- Ժողովրդավարության առումով շատ ենք նահանջել` ոչ միայն 89-ի, այլեւ 87-ի դեկտեմբերի եւ, ընդհանրապես, մինչեւ շարժման սկիզբը եղած ժամանակահատվածի համեմատ: Դա հանգեցրել է նրան, որ մարդիկ, վախենալով խնդիրներից, գուցեեւ ճնշումների պատճառով փակել են իրենց զարգացման ճանապարհը, նույնիսկ չեն ցանկանում պաշտպանել իրենց իրավունքները: Պատճառը չգիտեմ. գուցե 90-ականների դիկտատուրան էր, թե՞ վերջին տասնամյակի լճացումը: Չէ՞ որ 1999-2000-ին ժողովուրդը մի պահ հույս ուներ, որ ամեն ինչ կարգավորվում է, բայց այդ լճացումը սպանեց նրանց հույսերը:

 

- Իսկ ի՞նչը թույլ չի տալիս մարդկանց այլ կերպ մտածել ու գործել:

- Արժեքային համակարգն է փոխվել: Արհեստականորեն առաջադրվել են նոր արժեքներ, ավելի ճիշտ` ոչ թե արժեք, այլ ընդամենը կենցաղ: Ասենք` մեքենա ունենալը: Այսօր մարդկանց շեղում են, որ մեքենա ձեռք բերելու կամ կազինո գնալու, կյանքը վայելելու նպատակ դնի: Պետությունը պաշտպանելը, ազգի համար պայքարելը եւ նման այլ արժեքներն այսօրվա դրությամբ հարգի չեն: Գուցե կենցաղային պրոբլեմնե՞րն են շատացել, մարդիկ փողի մասին են մտածում, բայց դրանք այն պրոբլեմները չեն, որ մարդիկ իրենց սկզբունքներին դավաճանեն: Ցավոք, նոր սերնդից շատերի մեջ են նստած այդ կեղծ արժեքները: Նոր արժեքներ են պետք, որոնք էլ պետք է անձնական օրինակով ցույց տալ: Այլ ելք չկա:

 

- Ա՞յժմ էլ այն կարծիքին եք, որ հնարավոր է իրականացնել ղարաբաղյան շարժման հիմքում ընկած նպատակները:

- Անշուշտ: Դրա համար ընդամենը անհրաժեշտ է նույն մտածելակերպով ու իղձերով մարդկանց մի փոքր խումբ: Կամքը եղավ` ամեն ինչ կստացվի: Առաջին դեմքով եւ նրա շուրջ համախմբված մի քանի հոգով հնարավոր է նորմալ երկիր կառուցել: Այսօր ամենամեծ արդյունքը կա` Ղարաբաղն անկախ է ու ազատ: Նաեւ հասարակությունից է շատ բան կախված, թեեւ, ցավոք, հուսահատ են: Գուցե գործընթացը սկսվի, որոշ հարցեր կարգավորվեն, մարդիկ զգան, որ պետությունը իրենցն է, այլ ոչ թե իրենք են պետությանը, եւ այդ ժամանակ ինչ-որ բան փոխվի: