կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-19 05:15
Քաղաքական

Երկամսյա դադարից հետո

Երկամսյա դադարից հետո

ՀԱԿ-ի հանրահավաքը մեկնարկեց երկամսյա դադարից հետո:

 

Առաջինը ելույթ ունեցավ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, ով կոչ արեց մեկ րոպե լռությամբ հարգել Օհան Դուրյանի հիշատակը, քանի որ վաղը լրանում է նրա մահվան 40 օրը: Ա. Մանուկյանը նշեց, որ իրենք հավաքվել են ոչ միայն բողոքելու, այլեւ իշխանություններին ներկայացնելու իրենց առաջարկությունները քաղաքական, տնտեսական հարցերի վերաբերյալ: Ողջունելով արաբական աշխարհում տեղի ունեցող հեղափոխությունները` նա ասաց, որ եթե նախկինում արեւմտյան քամիներն էին հեղափոխություն բերում, ապա այսօր արեւելյան տաք քամիները կբերեն: «Տարոսը մեզ»,- ասաց Ա.Մանուկյանը:

 

Այնուհետեւ ելույթ ունեցավ Զոյա Թադեւոսյանը: Խոսելով թանկացումների մասին` նա նշեց, որ Հայաստանում ապրանքները թանկացել են 30-100 տոկոսով. «Դա ուղղակի աղետ է եւ ծանրակշիռ պատճառ, որ ժողովուրդն իրեն հարստահարողներից հրաժարական պահանջի»,- նշեց նա: Զ. Թադեւոսյանը խոսեց նաեւ տնտեսության ոչ բարվոք վիճակի մասին: Նրա խոսքերով` տեղացի արտադրողը պարզապես խեղդվում է ներկրողների շուկայում. «Հայաստանը արտերկրում 10 միլիարդ դոլարի ներդրում է արել` Հայաստան ապրանք ներկրելու միջոցով, որից 6 միլիոնը ներդրվել է Թուրքիայում: Նորօրյա տեղական «արծիվները» գոնե գիտե՞ն, թե ինչ օգուտ են տվել իրենց պատմական թշնամուն»:

 

Ելույթ ունեցավ նաեւ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: Նա խոսեց տնտեսական խնդիրների մասին: Մուսինյանի խոսքերով` այսօր օլիգարխներն իրենց սեփական սուպերմարկետներով խեղդում են մանր կրպակատերերին: Նա նշեց, որ բողոքող առեւտրականներից իմացել են, որ հատուկ հրահանգ է լինելու` մանր կրպակները աշխատելու են մինչեւ երեկոյան 20:00-ը: Խոսեց նաեւ արտագաղթի մասին. «Հայաստանը ողջ աշխարհում սփռված 10 միլիոն հայերի երկիրն է, սակայն իշխանությունները, փոխանակ այնպես անելու, որ նրանք Հայաստան գան, նպատակ են դրել դատարկել երկիրը»:

 

 Լուսանկարները` Անդրանիկ Լավչյանի