Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անկասկած, մարզական շաբաթվա կարեւոր իրադարձությունը Հայաստան-Վրաստան եւ Ռուսաստան-Իրան ֆուտբոլի ազգային հավաքականների ընկերական հանդիպումներն էին:
Կիպրոսի Լիմասոլում Հայաստանի ընտրանին, չնայած խաղային ակնհայտ բարձր որակին, դաշտին տիրելու առավելությանը եւ հարվածների անհամեմատ մեծ քանակին, զիջեց 1:2 հաշվով: Ինչեւէ, Վարդան Մինասյանը կարողացավ ստուգել իր թիմի ֆունկցիոնալ կարողությունները եւ խաղընկերների համագործակցությունը:
«Մրցաշրջանի այս ժամանակահատվածի համար նորմալ եմ գնահատում մեր խաղը: Միակ մտահոգիչ տեղը պաշտպանությունն է. խոսքն ընդհանուր թիմային պաշտպանության մասին է,- խաղից հետո ասել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը:- Պետք է առանձնացնել հատկապես 2-րդ խաղակեսը, որն, ինչպես ասում են, «2-րդ շնչառությամբ» խաղացինք: Նույնիսկ անփորձ ֆուտբոլիստներն անձնազոհ ու համարձակ խաղ էին ցուցադրում»:
Իսկ Հենրիխ Մխիթարյանը, ում պոտենցիալ արժեքը բրիտանացի փորձագետները 20 մլն ֆունտ են գնահատում, հանդիպումից հետո ասել էր. «Ճիշտ է, ինչ-որ տեղ զգացվեց Ռոբերտի, Յուրայի եւ Կառլենի բացակայությունը, սակայն եթե ազգային հավաքական է, ապա պետք է կարողանանք փակել նման դիրքերը: Մենք ինքներս նման դեպքերում պետք է ամեն ինչ անենք՝ նրանց պակասը լրացնելու: Կարծում եմ՝ պարտությունը դաս կլինի, որպեսզի մարտին կայանալիք խաղում ավելի հավաքված լինենք»:
Միակ գոլի հեղինակ դարձած Էդգար Մանուչարյանը, ով 65-րդ րոպեին չվրիպեց նշանակետից, ասել է. «Մարզիչն ինձ նախապես էր վստահել 11 մետրանոցն իրացնելու իրավունքը: Ամեն օր աշխատում եմ, որպեսզի մինչեւ մարտ ամիսը լավ վիճակում լինեմ»:
Մինչ մեր ֆուտբոլիստներն ու մարզիչը մտածում են ուղղել սխալները եւ դասեր քաղել պատահածից` Ռուսաստանի հավաքականում իսկական իրարանցում է:
Իրանի ընտրանուց պարտություն կրելուց հետո` 0:1, Ռուսաստանի հավաքականի ավագ Անդրեյ Արշավինն ասել է. «Մենք վատ էինք խաղում, այսպիսի ֆուտբոլով մենք անելիք չունենք Եվրոպայի առաջնությանը, նույնիսկ Հայաստանում ոչնչի վրա հույս դնել չենք կարող: Աբու Դաբիում տեղի ունեցած խաղից հետո անպատեհ կհնչի, բայց Ռուսաստանի հավաքականը ամենեւին էլ Հայաստանի հավաքականին չպիտի հավասարվի»:
Այս թեւաթափ անող եւ միաժամանակ խայթող խոսքը չպետք է անպատասխան մնա:
Հայաստանի հավաքականն ի զորու է հաղթանակ տոնել եւ դրանով ապացուցել, որ Ռուսաստանը Հայաստանի հավաքականին չի կարող հավասարվել: Դա է ապացուցում մեր տղաների պատրաստակամությունը:
Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը Իրանի ընտրանուց կրած պարտությունից հետո իր հետեւություններն է արել. «Տեխնիկական հնարքներով իրանցիներն ավելի նման են Հայաստանին, որի հետ մենք պետք է խաղանք: Երեւանում կհաղթի ուժեղագույնը»:
Իսկ ԽՍՀՄ հավաքականի նախկին պաշտպան Եվգենի Լովչեւն ասել է. «Ցավալի է, որ հավաքականը վերածվել է փակ ակումբի, որտեղ հրավիրվում են միայն իրար ծանոթ մարդիկ: Նրանք գիտեն, որ, անկախ նրանից, թե ինչպես իրենց կդրսեւորեն խաղադաշտում, միեւնույն է, հրավեր կստանան, դա թիմ չէ, այլ ճահիճ: Ամբողջ երկրով խայտառակվելու վախը միակ միջոցն է` սթափեցնելու մեր հավաքականին»:
Ֆուտբոլային շաբաթվա ամենակարեւոր նորություններից մեկն էլ այն էր, որ ազգային հավաքականների ֆուտբոլիստները 2012-ին ստիպված են ընտրություն կատարել նույն ժամանակահատվածում անցկացվող երկու առաջնությունների միջեւ. նրանք պետք է մասնակցեն կա'մ Եվրոպայի առաջնությանը, կա'մ Լոնդոնի օլիմպիական խաղերին: Իսկ մինչ 2012 թ. Եվրոպայի եզրափակիչը, մարտի 26-ին Երեւանում հետաքրքիր եւ լարված հանդիպում է սպասվում:
Ի դեպ, Հայաստան-Ռուսաստան խաղի տոմսերի վաճառքը կսկսվի մարտի 10-ից:
ԱՆԻ ՄԵՋԼՈՒՄՅԱՆ