Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Բրյուսելում անցկացվելու էր «Ներքին տեղահանված անձինք Ադրբեջանում. Խոջալուից (Լեռնային Ղարաբաղ) մինչև Բաքու» միջոցառումը: Այդ կապակցությամբ ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը նամակ է ուղղել կազմակերպիչներին` Եվրախորհրդարանի փոխխոսնակ, Մարդու իրավունքների հանձնաժողովի համակարգող Լասլո Տոկեսին և «Մարդու իրավունքներն առանց սահմանների» ոչ կառավարական կազմակերպությանը. տեղեկացնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Նամակում, մասնավորապես, ասվում է. «Խորը ափսոսանքով տեղեկացանք, որ «Ներքին տեղահանված անձինք Ադրբեջանում. Խոջալուից (Լեռնային Ղարաբաղ) մինչև Բաքու» վերտառությամբ միջոցառմանը լսելի է լինելու պատմության միայն մի կողմը և ուշադրություն չի դարձվելու Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի և Ադրբեջանի այլ` երբեմնի հայաբնակ շրջանների զոհերի ճակատագրի վրա` էլ չխոսելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակիչների իրավունքների մասին, որոնցից շատերը Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների արդյունքում դարձել են ներքին տեղահանված անձինք: Մենք բողոքում ենք նման միակողմանի միջոցառումների դեմ, երբ փորձ է արվում ներկայացնել իրադարձությունների միայն մի կողմը` նպատակ ունենալով հաճոյանալ այն երկրի իշխանություններին, որոնք ջանք չեն խնայում իրենց քաղաքական շահի համար որպես գործիք օգտագործել Խոջալուի իրադարձությունները»:
Գ. Պետրոսյանը Եվրախորհրդարանի փոխխոսնակի ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ Խոջալուի իրադարձություններն Ադրբեջանի կողմից օգտագործվում են որպես քարոզչական գործիք` նպատակ ունենալով շեղել միջազգային հանրության ուշադրությունը այդ երկրի կողմից իրականացրած հանցագործություններից և մարդու իրավունքների խախտումներից:
Միաժամանակ նա տեղեկացրել է, որ ադրբեջանցի լրագրող Էյնուլլա Ֆաթուլլաևը, ով իր «Ղարաբաղյան օրագրում» ներկայացրել է Խոջալուի իրադարձությունների օբյեկտիվ պատկերը, դեռևս բանտում է:
ԼՂՀ արտգործնախարարը նշել է, որ գոյություն ունեն բազմաթիվ վկայություններ այն մասին, թե ինչ է իրականում տեղի ունեցել Խոջալուում, եւ պատրաստակամություն է հայտնել ներկայացնել այդ փաստաթղթերը: Նա նաեւ կոչ է արել «Մարդու իրավունքներն առանց սահմանների» ոչ կառավարական կազմակերպությանը` մտածել Սումգայիթի եւ Բաքվի ջարդերի, Շահումյանում տեղի ունեցած էթնիկ զտումների զոհերի և Ադրբեջանից բռնագաղթված բոլոր մարդկանց ողբերգական ճակատագրի մասին:
«Մարդու իրավունքները համապարփակ արժեք են, որոնք պետք է կիրառվեն բոլորի հանդեպ` անկախ դավանանքից, մաշկի գույնից ու ծննդավայրից»,- ընդգծել է Գեորգի Պետրոսյանը` հավելելով, որ թեեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը չի ճանաչվել միջազգային հանրության կողմից, դա չի նշանակում, որ արցախցիների իրավունքները չպիտի պաշտպանվեն: