Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը լրագրողներին ներկայացրեց կառավարության նիստում հավանության արժանացած ներդրումային ծրագիրն ու միջոցառումների ժամանակացույցը` ասելով, որ մինչ այս ներդրումային քաղաքականությունը դեռևս փաստաթղթային, ծրագրային ձև չէր ստացել: Նախարարը նշեց, որ հայեցակարգով կառավարությունը կարևորում է մասնավոր հատվածում ներդրումների խրախուսումը, մրցակցության ապահովումը, մրցակցության հարգումը, հարկային քաղաքականության հաջող մշակումը և «կանաչ զարգացումը», այսինքն` էկոլոգիապես անվտանգ զարգացումը, պետություն-մասնավոր հատված գործընկերային հարաբերությունների զարգացումը: Նրա խոսքով` աշխարհում էլ ներդրումները պակասել են 14 տոկոսով:
Հարցին, թե որքանո՞վ է գրավիչ Հայաստանը օտարերկրյա ներդրողների համար, Կարեն Ճշմարիտյանը պատասխանեց, որ, տնտեսական աճի առումով, տարածաշրջանի երկրներից միայն Ղրղզստանն է, որ ավելի ցուցանիշ ունի Հայաստանից, և միայն Հայաստանն է, որ ունի արտահանման աճ, սակայն, նախարարի խոսքով, դեռևս գոհ չեն այդ ցուցանիշներից և իրականացնում են աշխատանքներ, որ թերությունները շտկվեն:
«4 տոկոս տնտեսական աճը բավարար չէ, բայց արտաքին ազդեցությունները պետք է հաշվի առնել և իրականության հետ հաշվի նստել: Մեծ ջանքեր պետք է գործադրվեն, մեզ պետք է նաև հանրային աջակցությունը, սա ընդհանուր միջավայրի հարց է»,- ասաց Կարեն Ճշմարիտյանը:
Նախարարը շեշտեց, որ եթե հույս չունենային, որ այս փաստաթուղթը նպաստելու է ներդրումների ավելացմանը, ապա ոչինչ չէին անի, հայեցակարգ չէին ընդունի:
Կարեն Ճշմարիտյանը նշեց նաև, որ Հայաստանում ամենախոշոր ներդրողներից է Գերմանիան` մշակող արդյունաբերության, մանրածախ ու մեծածախ առևտրի ոլորտում, հանքագործական արդյունաբերության, ՏՏ և կապի ոլորտներում: Գերմանիային հաջորդում են Կիպրոսը, Արգենտինան, ԱՄԷ-ն, Կանադան: ԵՏՄ երկրներից առաջատարների ցուցակում դեռևս չկա որևէ երկիր:
Լրագրողների այն դիտարկմանը, որ հասարակ քաղաքացին չի լսում տնտեսական վերլուծություններ, ու երբ հայտարարվում է տնտեսական աճի մասին, նա պետք է իր մաշկի վրա զգա, նախարարը պատասխանեց. «Ես համաձայն եմ` բոլորս ենք ուզում մեր մաշկի վրա զգալ: Եվ եթե աշխատավարձերը բարձրանալիս մարդիկ իրենց մաշկի վրա դա չեն զգում, ուրեմն ես համաձայն չեմ դրա հետ: 4 տոկոս աճն այն աճը չէ, որը ժողովուրդը միանգամից պետք է զգա: Ես էլ կարող եմ մատնանշել ոլորտներ, որտեղ և\' եկամուտներն են ավելացել, և\' աշխատավարձերը, օրինակ` ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտը, ջերմոցներում, տրանսֆորմատորների արտադրությունում, ոսկու նոր հանքավայրերում կամ Թեղուտում: Ինչպե՞ս կարող մարդն իր մաշկի վրա չզգալ, երբ 1500 մարդ Թեղուտում աշխատում է: Եվ եթե եկամուտների ավելացմամբ մարդիկ իրենց մաշկի վրա չեն զգում ազդեցությունը, ուրեմն... այդտեղ մենք մաշկի հետ խնդիր ունենք»,- ասաց Կարեն Ճշմարիտյանը: