կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-09 07:10
Քաղաքական

Սումգայիթից մինչեւ ԱՊՊԱ

Սումգայիթից մինչեւ ԱՊՊԱ

1988 թվականի փետրվարին Ադրբեջանում տեղի ունեցած հայկական ջարդերը Ազգային ժողովը պետք է ցեղասպանություն որակի: Այս մասին ԱԺ այսօրվա նիստում իր հայտարարության մեջ նշեց «Ժառանգություն» խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը: Իրենց խմբակցությունն արդեն ներկայացրել է դրա վերաբերյալ հայտարարություն եւ հույս ունի, որ գարնանային նստաշրջանում այն կընդունվի:

 

Նույն խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը խոսեց իրենց կողմից նախկինում արված այն առաջարկության մասին, թե հարկավոր է Վերահսկիչ պալատի ղեկը հանձնել ընդդիմադիր գործչի, քանի որ միայն այդ դեպքում հնարավոր կլինի անօրինականություններն իրապես ջրի երես հանել:

 

«Ազգային միաբանություն» կուսակցության անդամ Արա Սիմոնյանը խոսեց Շիրակի մարզում հողակտորները չմշակելու խնդրի մասին: Բանն այն է, որ ոռոգման ջրի գինն այնքան բարձր է, որ գյուղացին նախընտրում է չմշակել հողը: Այս պատճառով տվյալ մարզում վարելահողերի մոտ 30 տոկոսը չի մշակվել:

 

ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը անդրադարձավ ԱՊՊԱ-ի հարցին: Նա ասաց, որ ներկայումս տաքսու վարորդները խնդիրներ են ունենում Վրաստանի սահմանը հատելիս: Բանն այն է, որ Վրաստանում արգելվում է դիմապակուն որեւէ բան փակցնելը, իսկ մեզ մոտ ԱՊՊԱ-ի վկայականը մեկանգամյա օգտագործման է: Արդյունքում` վարորդը խնդիրներ չունենալու համար Վրաստան մտնելիս դիմապակուց հանում է վկայականը, իսկ ՀՀ-ում նորից ԱՊՊԱ է հանում` կրկնակի ծախսեր անելով: