կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-08 23:09
Քաղաքական

Կարապետիչը "ժողովրդի հետ է կոալիցիա կազմել"

Կարապետիչը "ժողովրդի հետ է կոալիցիա կազմել"

Փետրվարի 15-ին Ժողովրդական կուսակցությունը Մատենադարանի մոտ ազգային համաժողով է անցկացնելու, որի ընթացքում 18 կետից բաղկացած վերջնագիր է ընդունվելու եւ ներկայացվելու երկրի նախագահին. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը եւ հավելեց, որ եթե իրենց պահանջները արհամարհվեն` փետրվարի 28-ի հանրահավաքում հանդես են գալու արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջով:

 

Վերջնագրի պահանջների թվում Տ. Կարապետյանը նշեց երիտասարդ ընտանիքներին տրամադրվող հիպոթեքային վարկի պայմանների թեթեւացումը, փողոցային առեւտրի խնդրի լուծումը հօգուտ առեւտրականների, բանկային համակարգի բարելավումը եւ այլն:

 

Անդրադառնալով սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի վերջին կանխատեսումներին, ըստ որոնց` ԺԿ-ն խորհրդարան մտնելու մեծ հավանականություն ունի, կուսակցության նախագահն ասաց. «Սուդիբեկյանի ասածը մեզ համար չափանիշ չէ, որովհետեւ նա իրականում սոցիոլոգ չէ. իր բոլոր պրոգնոզները համընկնում են իշխանության կարծիքի հետ: Անձամբ ես ոչ մի մոլուցք չունեմ` որեւէ տեղի համար պայքարելու: Մենք ապավինում ենք արդարությանը` հանուն արդարության»:

 

«Երկիր»-ի հարցին, թե կոալիցիային անդամակցելու առաջարկ ստանալու դեպքում կընդունի՞ այն, Տիգրան Կարապետյանը պատասխանեց. «Ես վաղուց կոալիցիայի մեջ եմ` ժողովրդի հետ»:

 

Խոսելով ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունների մասին` նա նշեց, որ եթե Գագիկ Ծառուկյանը հայտարարի, որ սատարում է Սերժ Սարգսյանին, ապա կկորցնի հեղինակությունը: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի` կոալիցիայից դուրս գալուն, ապա, ըստ Տ. Կարապետյանի, Ծառուկյանն այդ քայլին չի գնա: Նրա խոսքերով` հակասությունն է այն է, որ յուրաքանչյուր կուսակցություն ցանկանում է առավելագույն հաջողության հասնել: