կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-02 23:58
Առանց Կատեգորիա

Անվստահության քվե` Իրանի տրանսպորտի նախարարին

Անվստահության քվե` Իրանի տրանսպորտի նախարարին

Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանը, երեկ խիստ քննադատելով տրանսպորտի նախարար Համիդ Բեհբահանիին, քվեարկությամբ նրան անվստահություն հայտնեց: Համաձայն Իրանի Սահմանադրության` կառավարության անդամները խորհրդարանից մեկ առ մեկ են վստահության քվե ստանում, ուստի հանրապետության նախագահ Ահմադինեժադը նախարարի նոր թեկնածու պետք է ներկայացնի խորհրդարանին: Հիշեցնենք, որ Իրանի Սահմանադրությունը վարչապետի պաշտոն չի նախատեսում:

 

Իրանի Իսլամական խորհրդարանի մի շարք պատգամավորներ և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ երեք տարի է` նախարարին քննադատում էին ավիավթարների մեծ քանակի և երկրի ճանապարհների անմխիթար վիճակի համար: Իրանն Արևմուտքի հայտարարած տնտեսական շրջափակման պատճառով ավելի քան երկու տասնամյակ է` զրկված է արդիական ինքնաթիռներ գնելու հնարավորությունից և հիմնականում օգտվում է ռուսական «Տու» մակնիշի մարդատար ինքնաթիռներից:

 

Վերջերս հաճախակի են դարձել իրանական ինքնաթիռների վթարների դեպքերը. կարելի է հիշել Թեհրան-Երևան օդանավի աղետը, որը 164 ուղևորի մահվան պատճառ դարձավ, նաև ներքին թռիչքներում պատահած բազում աղետներ, որոնցից վերջինը տեղի ունեցավ 10 օր առաջ՝ Ուրմիայի երկնքում:

 

Իրանի խորհրդարանի հայ պատգամավորներ Գևորգ Վարդանյանը և Ռոբերտ Բեգլարյանը, անցյալ տարի ելույթ ունենալով խորհրդարանի լիագումար նիստում, Թեհրան-Երևան չվերթի աղետի մասին տրանսպորտի նախարարի տված բացատրությունն անբավարար համարեցին, բայց գործը քվեարկության և պաշտոնանկության չհասավ:

 

Այժմ Իսլամական խորհրդարանի և նախագահ Ահմադինեժադի կառավարության հարաբերությունները մասամբ լարված են, որը նպաստավոր հող ստեղծեց Ուրմիայի օդային աղետի պատճառով նախարարին խորհրդարան հրավիրելու և մի շարք ձախողումների համար բացատրություն պահանջելու համար:

 

Նախարարը և նախագահը քննարկումների ընթացքում խորհրդարան չեկան. խորհրդարանի նախագահը նախարարի նիստին չներկայանալը զանցանք համարեց, իսկ կառավարությունը խորհրդարանի որոշման նախապատրաստումը համարեց ոչ ճիշտ: Կողմ ու դեմ արտահայտություններից հետո նախարարը 147 կողմ, 78 դեմ և 9 ձեռնպահ ձայնով զրկվեց նախարարի պաշտոնից: Սա Իրանի գործող կառավարության անդամին անվստահություն հայտնելու առաջին դեպքն է:

 

Ահմադինեժադը վերջերս սկսել էր քննադատել խորհրդարանին և նրան մեղադրում էր գործադիրի աշխատանքը խոչընդոտելու մեջ: Իրանի հարցերին քաջածանոթ մասնագետների կարծիքով` անվստահության քվեն պատճառ է քաղաքական և ներխմբակային հակասությունների, և նախարարի փոխվելով` երկրի մարդատար ինքնաթիռների խղճուկ պարկի և ոչ բարվոք ճանապարհների հարցը չի լուծվելու:

 

Տիգրան ԴԱՎԹՅԱՆ