կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-02 01:01
Քաղաքական

22 երկիր ստորագրել է «տապոռային» փաստաթղթի տակ

22 երկիր ստորագրել է «տապոռային» փաստաթղթի տակ

Նախորդ շաբաթ տեղի ունեցած ԵԽԽՎ ձմեռային լիագումար նիստում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ներկայացրել է հանքերի շահագործման վերաբերյալ փաստաթուղթ և հայտարարություն` Արցախի հարցով:

 

Զարուհի Փոստանջյանի նախաձեռնությամբ ընդունվել է մի հայտարարություն, ըստ որի` Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել 1918-1920 թթ. Ադրբեջանի Հանրապետության կազմում, որի իրավահաջորդն է համարվում ներկայիս Ադրբեջանը:

 

Հայտարարության մեջ նշված է նաև, որ Ղարաբաղում անցկացված խորհրդարանական, նախագահական ընտրությունները և 2006 թ. հանրաքվեն միջազգային դիտորդների ու կազմակերպությունների կողմից ճանաչվել են արդար և թափանցիկ: Որպես ժողովրդավարական երկիր` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կայացած պետություն է` արժանի միջազգային ճանաչման և միջազգային կազմակերպություններին անդամակցության:

 

Փոստանջյանի տեղեկացմամբ` այդ հայտարարության տակ ստորագրել են 22 երկրի ներկայացուցիչներ, թեեւ հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն այդ փաստաթուղթն անվանել է «տապոռային» ու նշել, որ դրա տակ չեն ստորագրի:

 

«Եթե Հայաստանն իրապես ժողովրդավար լիներ, ապա կարող էինք շատ հարցերում հաղթող լինել: Արդեն 20 տարի անկախ պետություն ենք, սակայն մեր պետության ներկայացուցիչները, պատգամավորները չեն պատկերացնում, որ իրենք անկախ պետություն են ներկայացնում և պետք է անկախ պետության քաղաքականություն ներկայացնեն, այլ ոչ թե իրենց քաղաքականությունը համահունչ դարձնեն այլ պետությունների քաղաքականության»,- ասաց Փոստանջյանը:

 

Պատգամավորը նշեց, որ ԵԽԽՎ ղեկավար Մեւլութ Չավուշօղլուն նպատակ ունի նոր բանաձեւ ընդունել, որը պետք է ավելի նպաստավոր լինի ադրբեջանիցների համար: Նա հույս ունի, որ ԱԺ-ում այնքան խելացի կգտնվեն, որ պատվիրակության կազմը կուժեղացնեն, և մեր պետության վարքի նկատմամբ վերանայումներ կկատարվեն:

 

«Որպեսզի մեր պատվիրակությունը ոչ թե ոչ ժողովրդավար պետություն ներկայացնեն, այլ պետություն, որը ցանկություն ունի ժողովրդավարություն կառուցելու»,- ասաց տիկին Փոստանջյանը:

 

ԵՐԿԻՐ-ի հարցին, թե ո՞ւմ կցանկանայիք տեսնել հայաստանյան պատվիրակության կազմում, Փոստանջյանը հրաժարվեց կոնկրետ անուններ նշել. «Պետք է այնպիսի մարդիկ լինեն, որ կարողանան արդյունավետ աշխատանք տանել: Մարդիկ, որոնք չեն ներկայացրել այնպիսի իշխանություն, որն այս պահին գործել է: Չեմ կարող ասել կոնկրետ անուններ, բայց նրանք պետք է կոալիցիայից լինեն»: