կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-29 23:43
Առանց Կատեգորիա

Թաքցրե՛ք ձեր աչքերը` հանկարծ չմատնեք ձեզ…

Թաքցրե՛ք ձեր աչքերը` հանկարծ չմատնեք ձեզ…

Երեկ, այսօր և, եթե այսպես շարունակվի, նաև վաղը Երևանի փողոցներով քայլում են ու կքայլեն մարդիկ, ովքեր անընդհատ փոխվում են դեմքերով ու տեղերով, բայց յուրաքանչյուրն իր հետքն է թողնում մեր քաղաքի (որքան էլ որ տարօրինակ հնչի) արևի վրա:

 

Որտեղի՞ց ենք եկել և ո՞ւր ենք գնում…

 

Հարցի պատասխանը կարող ենք հասկանալ` զբոսնելով Երևանի փողոցներում, բայց ոչ անտարբեր. անհրաժեշտ է ընդամենը մեկ ակնթարթ նայել մարդկանց աչքերին:

 

Եվրոպական օգտագործված հագուստներով աչքերը դարձել են ժամանակակից դիմակային նորաձևության վերջին ճիչը: Թող լինի եվրոպական հագուստ, թեկուզև օգտագործված. սա է ճղճղած ջինսերով ֆռֆռացող աչքերի կարգախոսը:

 

Խեղճ աչքեր…ինչե~ր ասես, որ չեն տեսնում, բայց միշտ թվացյալ լուռ են:

 

Իսկ ինչ ասեն արևելյան ճոխ դատարկությամբ զարդարված աչքերը, որոնց թարթիչները թանկարժեք արդուզարդի առատությունից մի տեսակ փոխվել են: Նման աչքերը միայն արտաքինն են տեսնում և այդպես խաբված շարունակում են տնտղել մարդկանց:

 

Զբոսանքը շարունակելով` հանդիպեցինք նաև աչքերի, որոնք ժամանակին եղել են մաքուր գյուղական, այժմ դարձել են զարգացած մայրաքաղաքային:Այսօրինակ աչքերի կեցվածքը հպարտ է, ինքնագոհ «ազիզ»-ոտ:Նրանք կարծես հանդուգն ձևով թելադրում են դիմացինին պատվել ու հարգել իրենց` չկասկածելով, որ յուրաքանչյուր երեւանցու «ծալած» ունեն…

 

Զարմանալի են նաև երկակի կառուցվածք ունեցող աչքերը. կենտրոնում բարություն է նկարված, անկյուններում…Աստված հեռու պահի դրանց չար հայացքից: Սա հատուկ մշակված ոճ է, ծրագիր, որը ուրույն հագնելաոճ է պահանջում: Սրանք կոչվում են անակնկալ նվերով աչքեր` սպիտակ հագուստի տակ թաքնված է սև ներքնազգեստը:

 

Գայթակղիչ են կիսամերկ աչքերը, որոնցից այն արագությամբ ես հիասթափվում, ինչպես որ հրապուրվել ես: Մի քիչ բացում ես աչքի փորիկը, ուսից հեռացնում ես հագուստի թևքը և բոլորի ուշադրությունը սևեռում բացվածքների վրա: Նմանատիպ աչքերը կանչում են քեզ, բայց ոչ ասենք, թափվող տերևների գեղեցկությունը միասին դիտելու, այլ այդ տերևների վրայով քայլելու, որովհետև «կայֆ ա»

 

Նույնիսկ հեռավորության վրա շատ հեշտությամբ առանձնանում է աչքերի մի խումբ, որոնց կարելի է կոչել արվետագետոտ: Այս աչքերը բաժանվում են երկու խմբի` իրենք իրենց սուտ մտավորականի տեղ դրած, և աչքեր, որոնց նայելիս ուզում ես հայացքով գրկել նրանց: Առաջին խմբի համար շատ կարևոր է, թե իրենք ինչպես են հագնված, ինչպես է հասարակությունը ընդունում իրենց, արդյոք բոլորը գիտեն, որ իրենք արվեստագետ են…Երկրորդ խմբի աչքերը նայում են և, ամենակարևորը, տեսնում`տաք գույներ, տաք բառեր, տաք զգացողություններ…մնացածն ավելորդ է:

 

Բայց այսքան էլ տխուր չէ ամեն ինչ. չնայած քիչ քանակությամբ, միևնույն է, կան աչքեր` զարդարված պարզ, առօրյա-կենցաղային հագուստներով, որոնք ավելի շքեղ են, քան ցանկացած ճոխությամբ պճնվածները: Այս աչքերը ստեղծված են հոգին, այլ ոչ թե մարմինը տեսնելու համար: Գեղեցիկ են վերոնշյալ աչքերը, երկնքի պես խորը եւ աստղերով լեցուն:

 

Թաքցրե՛ք ձեր աչքերը` հանկարծ չմատնեք ձեզ…