Մենք պետք է միշտ պատրաստ լինենք պատերազմի, բայց ամեն օր չխոսենք Ալիեւի ռազմատենչ հայտարարության մասին: Պետք է գիտակցենք, որ այս տարածաշրջանում խաղաղություն եղել է միայն կարճ ժամանակով: Սա էլ խաղաղություն չէ` երբ զինվոր է զոհվում: Սրա դեմն է պետք առնել: Պետք է ժողովուրդը բանակի հետ քայլի: Պետք է հարց տա բանակին, ձեռք մեկնի, հարց բարձրացնի` ինչու է զոհվել զինվորը, ինչու է մեկը բանակից դիզվառելիք գողացել եւ այլն: Բանակը ժողովրդի ձեռքբերումն է, այստեղ ապրող եւ ողջ հայության արյունը:
-Պատերազմն անցած տղաներից շատերն են այսօր երանի տալով խոսում այն տարիների մասին, երբ մի կտոր հացը խրամատում իրար հետ կիսում էին… -Ճիշտ է` այդ տարիներին մի կտոր հացը բոլորի համար հավասար էր, երեւի այն ժամանակ ժողովուրդը զգացել էր, որ մահն էլ է հավասար: Մահն ու հացը հավասար դաշտում էին տեսնում, բայց այսօր, ցավոք, մահը նույն` հավասար դաշտում է, իսկ հացը դաշտից հանել են:
-Վերջին շրջանում կարծես թե ակտիվացել են բանակում տեղի ունեցող միջադեպերի քննարկում¬քննադատությունները։
Բոլոր բանակներում էլ նման թերություններ կան: Մեր բանակում այդ բացասական երեւույթները իհարկե կան, եւ կարծում եմ, մարտական հերթապահությունն է նպաստում դրանց զարգացմանը: Ամեն ինչ պետք է անենք` մարտական հերթապահության ձեւը փոխելու համար: Ես ծառայության ժամանակ էլ էի դա ասում: Հաղթել ենք` մնացել խրամատում: Մենք պետք է դուրս գանք խրամատից, որովհետեւ խրամատում գտնվող զինվորը վերահսկողությունից դուրս է, հոգնում է: Իսկ մարդ երբ հոգնում է, ամեն ինչ կարող է անել` պարտականությունները թերի կատարել, հերթապահության ժամանակ խախտում կատարել, անքուն ժամանակ սխալ անել եւ հնարավորություն տալ հակառակորդին խփել իրեն: Այդ ամենից մյուսների ոգին է կոտրվում: Բացասական երեւույթների պատճառները սովետական չափանիշներն են, որոնցից շատերը պետք է հանենք: Ետ պետք է վերադառնանք այն մոդելին, որը պատերազմը հաղթել է 1991-1994 թվականներին:
Հարցազրույցը ամբողջությամբ կարդացեք ԵՐԿԻՐ օրաթերթի այսօրվա համարում