կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-31 23:06
Հասարակություն

Թող յուրաքանչյուրը նույնքան զգոն լինի, որքան խրամատում կանգնած զինվորը. Շուլի Հակոբյան

Թող յուրաքանչյուրը նույնքան զգոն լինի, որքան խրամատում կանգնած զինվորը. Շուլի Հակոբյան

Երեք տանկ խոցած` 20-ամյա գյումրեցի Շուլի Հոկոբյանն այս տարի Ամանորը կդիմավորի տանը՝ ընտանիքի հետ:  «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետը ապրիլյան պատերազմում 30 րոպեում երեք տանկ է ոչնչացրել:  Yerkir.am-ի հետ զրույցում Շուլին խոսեց 2016-ի դասերի, ամանորյա հուշերի ու գալիք տարուց սպասելիքների մասին:

 

-Երկա՞ր ես սպասել Ամանորը հարազատների հետ նշելուն:
- Սպասված Նոր տարի է, դեռ չի եղել, որ ես էսպես սպասեմ Նոր տարվան, մի տեսակ անբացատրելի սպասումով եմ լցված: Երկու տարի է` Ամանորը դիմավորել եմ սահմանին՝ մարտական դիրքերում: Այս տարին պատրաստվում եմ դիմավորել հայրենի քաղաքում՝  Գյումրիում,  հայրական օջախում:

-Ինչո՞վ էր առանձնանում սահմանի Նոր տարին:

- Նոր տարին ինչպես որ նշել եմ բանակում, նման  օրեր ես չեմ  ունեցել քաղաքացիական կյանքում, չեմ էլ ունենա, բնականաբար: Բանակային լավ հիշողություններ շատ կան: Նոր տարվան վերաբերող շատ պատմություններ էլ  կապված են իմ զոհված մարտական ընկերների հետ ՝ Վլադիմիր Մելքոնյանի,  Վիկտոր Յուզիխովիչի… Շատերի հետ երկու տարի դիմավորել եմ Նոր տարին: Առաջին Նոր տարին սահմանին Վլադիմիր Մելքումյանի հետ ենք նշել. Գյումրվա մեր թաղից էր:

-Ե՞րբ դադարեցիր հավատալ հրաշքներին:

-Բնականաբար, ես էլ, ինչպես մյուս փոքրերը, մանուկ հասակում ցանկություններ ունեցել ենք, հավատացել ենք հրաշքներին, հետո ինչ-որ պահի ես էլ դադարել եմ հավատալ հրաշքներին: Հիշում եմ` 12 տարի առաջ՝  2005-ին,  էլի աքաղաղի տարի էր, քրոջս հետ բացիկներ էինք պատրաստում, նվիրում մտերիմներին: Մինչև հիմա էդ բացիկները պահված են, Ամանորի հետ կապված գեղեցիկ հուշեր են արթնացնում:

-Ո՞րն է քեզ համար Ամանորի ամենահաճելի պահը:

-Սիրում եմ Ամանորը: Ամենահաճելին այդ օրը ընտանիքիս հետ դիմավորնելն է,  ընտանեկան աուրան,  եռուզեռը:

-Կարծես, այս տարին սպասվածից երկար ձգվեց, այնպես չէ՞:

-Բանակում ծառայելու ընթացքում ցանկացած զինվոր էլ հաշվում է օրերը, ես էլ էի հաշվում, բայց չէինք պատկերացնում, որ դեպքերն այսպես կզարգանան:

-Ի՞նչ սովորեցրեց 2016 թվականը:

- Մենք պարզապես պետք է դասեր քաղենք 2016-ից, ոչ թե կորցնենք, նոր գնահատենք:  Պետք է գիտակցենք, որ այն զինվորը, ում մասին մենք խոսում ենք, 25 տարի է` պոստ է պահում,  25  տարի անկախ Հայաստանի սահմաններն է պահում: Ես ուզում եմ`  ժողովուրդը զգոնանա:  Խրամատում կանգնած զինվորն էսպես, թե էնպես զգոն է լինելու, թող մեր յուրաքանչյուր քաղաքացին նույնքան զգոն լինի, որքան խրամատում կանգնած զինվորը:

-Շա՞տ ես փոխվել ապրիլից հետո:

- Ցանկացած տղա բանակում փոխվում է , բայց ապրիլյան դեպքերն ավելի են փոխել, ապրիլն էնպիսի բան էր, որ ո’չ նկարագրելու է, ո’չ ասելոե:

-Պարտավորեցնո՞ղ է  հերոսի կոչումը:

-Անկեղծ ասած` մի փոքր  կաշկանդվում եմ, բայց նկարագրելու չէ մարդկանց վերաբերմունքը, հարգանքը… Այդ պահերին մեջս գյումրեցու թասիբն է խոսում, աննկարագրելի զգացում է: Շատերը  տեսնում, ասում են` երեք հատ տանկ զարկողն է: Երբ ասում են` հերոս,  ես փորձում եմ մարդկանց բացատրել, որ հերոսն էն  տղերքն են, ովքեր իրենց կյանքը տվեցին: Ասում են` նա 30 րոպեում երեք տանկ է խոցել, բայց ես եղել եմ հակատանկայինի մասնագետ, և դա իմ գործն է եղել: Մեր պարտքն է եղել, կատարել ենք: Ես  դա չեմ համարում հերոսություն:

-Մարտում հաջողության գրավականը միասնության մեջ է, համամի՞տ ես:

-Զինվորի մեջքը մենք ենք, զինվորը պետք է զգա, որ ամուր թիկունք ունի,  զինվորը երբ պետք է հետ նայի, մեզ տեսնելով` նա պետք է էնտեղ կռվի: Եթե հետ նայեց, տեսավ`մեր մեջ էն չի, մեր քաղաքական վիճակը և այլն այն չէ, լավ չի լինի:  Զինվորը պետք է վստահ լինի, որ հարկ եղած դեպքում մենք ոչ թե ուղղակի կասենք, այլ  նրա կողքին կլինենք նաև  խրամատում:  Մենք միշտ պետք է միասնական լինենք, ինչպես արեցինք ապրիլին, մի բռունցք դառնանք, ոչ թե կորցնենք, նոր գնահատենք: Պետք է  սթափ մտածենք:

- Այսինքն` մենք չե՞նք գնահատում այն, ինչ  ունենք:

-Ես հիմա ապրում եմ այնպես, որ մարդկանց գնահատեմ, քանի դեռ նրանք իմ կողքին են: Մարդուն գնահատեմ այնպես, որ նա դա զգա, քանի որ երբ մարդուն գնահատում ես մահվանից հետո, դա այն չէ: Ես հիմա ավելի շատ ռեալ եմ մտածում, քանի որ, հեքիաթով, պաթոսով ապրելով, ոչնչի չես հասնի:

-Ասում են` սերը հայրենիքի նկատմամբ քաղաքակիրթ մարդու առաջին արժանիքն է, ի՞նչ է քեզ համար հայրենասիրությունը:

-Շատ է ասվում, որ հայրենասիրությունը միայն խոսքով չէ: Ես  չեմ ասում` գնաս 3 տանկ կամ ուղղաթիռ խոցես, որ դառնաս հայրենասեր, ոչ, դա ուրիշ բան է: Մարդը, ով չգիտի իր հիմքը՝ անցյալը, նախնիների, գերդաստանի պատմությունը,  չի  կարող կերտել իր ապագան: Իմ համոզմամբ՝  առանց պատմության, առանց անցյալդ իմանալու չես կարող  գիտակցաբար մարտնչել  ու կռվել  հայրենիքիդ համար: Իսկ նպատակին հասնում է այն մարդը, ով կռվում է գիտակցաբար:

-Կա՞ իդեալ, հերոս, որի գաղափարներով երբևէ առաջնորդվել ես:

-Ես համարում եմ հերոս բոլոր այն մարդկանց, ովքեր զոհվեցին մարտի դաշտում:

- Ինչպիսի՞ն կցանկանաս` լինի 2017-ը:

-Թող մեր ժողովուրդը հավաքվի, միշտ գնահատի զինվորին և ոչ միայն:  Գնահատեն մեկը մյուսին, քանի որ մեր կապը, մեր բռունցքը փոխադարձ հարգանքի ու սիրո մեջ է: Ես չեմ ասում` ես քո դարդով ապրեմ, դու՝ իմ, այլ գոնե մեկս մյուսիս հանդեպ լինենք ներողամիտ:  Իմ ցանկությունը մեր ազգին միշտ միասնական, բռունցք դարձած տեսնելն է:

 

Զրուցեց՝  Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆԸ