կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-27 04:00
Մշակույթ

Համահայկական հիմնադրամն արդիականացնում է Չայկովսկու անվան դպրոցի ձայնադարանը

Համահայկական հիմնադրամն արդիականացնում է Չայկովսկու անվան դպրոցի ձայնադարանը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Շվեյցարիայի տեղական մարմնի նախաձեռնությամբ ու հովանավորությամբ հիմնանորոգվում ու արդիականացվում է Չայկովսկու անվան հանրակրթական երաժշտական դպրոցի ձայանադարանը /աուդիո-վիզուալ լաբորատորիան/: Այն կհամալրվի ժամանակակից սարքավորումներով ու երաժշտական գործիքներով, այդ թվում` 7 ջութակ, 2 գալարափող, 2 ալտ, 1 թավջութակ եւ 2 հոբոյ:

 

«Մինչ այսօր փորձել ենք բավարարվել խորհրդային տարիներին ձեռք բերված գործիքներով եւ անչափ ուրախ ենք, որ մեր սփյուռքահայ բարեկամների շնորհիվ դրանք համալրվեցին նորերով, իսկ 20-ամյա դադարից հետո կվերաբացվի նաեւ մեր գալարափողի դասարանը», - ասում է դպրոցի տնօրեն Մարտուն Կոստանդյանը: 

 

Աշակերտներն էլ չափազանց գոհ են, որ մասնագիտական դասերն այսուհետ կանցկացնեն բարեկարգ պայմաններում եւ նոր գործիքներով: Ավարտական դասարանի աշակերտ Արմեն Կարագյանը հավատում է, որ նոր գալարափողով ոչ միայն կհաղթի գարնանը կայանալիք` փողային գործիքների մրցույթում, այլեւ կկարողանա ընդունվել Կոնսերվատորիա:

 

Հաստատությունը գործում է 1939 թվականից, այն միակ երաժշտական դպրոցն է Հայաստանում, որը համատեղում է մասնագիտական ու հանրակրթական ուսուցումը: Դպրոցի տնօրենի խոսքով` այսօր դպրոցում ուսանում է ավելի քան 530 աշակերտ, եւ որպես կանոն, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողների մետ 80 տոկոսը Չայկովսկու անվան դպրոցի շրջանավարտներն են լինում:

«Հիմնադրամի Շվեյցարիայի տեղական մարմնի ստանձնած այս ծրագիրը, ինչ խոսք, կարեւոր է, քանի որ մեր պատանի երաժիշտների համար պարապմունքների  պատշաճ պայմաններ են ստեղծվում, ինչը, վստահ եմ, ի վերջո կտանի նրանց դեպի մեծ բեմեր ու հաղթանակներ»,- ասում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր  տնօրեն Արա Վարդանյանը: