|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.32 |
| EUR | ⚊ | € 439.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7914 |
| GBP | ⚊ | £ 505.74 |
| GEL | ⚊ | ₾ 139.77 |
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանը գրում է.
«2018 թվականին փաշինյանական իշխանությունը մեր ժողովրդին խոստացավ նոր որակի Հայաստան․ մի երկիր, որտեղ աշխատանքի ընդունվելը այլևս կախված չի լինի «ով ում բարեկամն է», «ով ում խնամին է», կամ «ով ում ծանոթն է» սկզբունքից։ Խոստացան, որ կոտրվելու է տարիներով ձևավորված հովանավորչության և կապերի արատավոր շղթան, և որ առաջ է գալու արժանապատիվ, արդար և հավասար հնարավորությունների հասարակություն։
Բայց ի՞նչ ունենք այսօր։
Այսօր մենք ականատես ենք լինում ճիշտ հակառակ պատկերին։ Պետական համակարգում, համայնքային կառույցներում և բազմաթիվ հիմնարկներում կրկին գերակայում է ոչ թե մասնագիտական կարողությունը, փորձը և արժանիքը, այլ անձնական կապերը, բարեկամական շրջանակները և քաղաքական խմբակին հավատարիմ լինելու գործոնը։ Աշխատանքի տեղավորումը հաճախ դարձել է ոչ թե մրցակցային գործընթաց, այլ փակ ակումբների ներսում բաշխվող «հնարավորություն»։
Հատկապես մտահոգիչ է, որ այս արատավոր երևույթը լայն կիրառություն է ստացել ՔՊ-ականների կողմից ղեկավարվող համայնքներում։ Տեղական ինքնակառավարման մարմինները, որոնք պետք է ծառայեն համայնքի բոլոր բնակիչների շահերին, շատ դեպքերում վերածվել են նեղ խմբային շահերի սպասարկման հարթակների։
Ցավոք, Շիրակի մարզը ևս բացառություն չէ։ Այստեղ բազմաթիվ քաղաքացիներ բարձրաձայնում են նույն խնդրի մասին՝ անտեսվում են արժանավոր մասնագետները, իսկ աշխատանքի են ընդունվում «յուրայինները»։ Սա խաթարում է ոչ միայն կառավարման որակը, այլև խորացնում է հասարակական անարդարության զգացումը:
2018 թվականի «հեղափոխական» խոստումները՝ կառուցել արդար, թափանցիկ և արժանահավատ պետական համակարգ, այսօր անխնա բացահայտվում են որպես հերթական սուտ։ Խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքի վերարտադրությունը պետական և համայնքային կառավարման մարմիններում ոչ միայն ցույց է տալիս, որ գործող իշխանությունը ոչ միայն ձախողվել է, այլ նաև փաստացի վերածվել է նոր՝ ավելի ճնշող և քաղաքականապես վերահսկվող համակարգի։
Պետք է հստակ ասել․ սա հերթական չկատարված խոստումը չէ միայն։ Սա քաղաքական խաբեություն է, որն ուղղակիորեն հարվածում է պետության հիմքերին, արժեզրկում է հանրային վստահությունը և ոչնչացնում է արդարության գաղափարը»։