կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-20 16:20
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հույսի ավան» բարեգործական թաղամասի բնակիչները բողոքում են․ իրենց կարգավիճակն անհստակ է

Ժամանակին անժամկետ, անհատույց պայմանագրով բնակարաններ ենք ստացել, բայց 2019 թ-ին հիմնադրամի տնօրենը խումբ-խումբ կանչել է, առաջարկել, որ տները վաճառի՝ Yerkir.am-ի տեղեկացմամբ, ասացին «Հույսի ավան» բարեգործական թաղամասի բնակիչները, որոնք իրենց բողոքը բերել են կառավարություն։

Խոսքը «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի տնօրենի մասին է, որն էլ իրականացնում է «Հույսի ավան» ծրագիրը։ Վաճառքի առաջարկը բնակիչները մերժել են։ Ավելի ուշ հիմնադրամի տնօրենը լրատվամիջոցներից մեկի հետ հարցազրույցում ասել է՝ այո՛, եղել է առաջարկ, բայց դա փորձելու համար էր։

«Հույսի ավանի» բնակիչները չեն հավատում, որ փորձելու համար է և եկել են կառավարություն՝ վարչապետին տեսնելու և ներկայացնելու իրենց խնդիրը։

«Թող մեր կարգավիճակը հստակեցնեն, հասկանանք։ եթե մեզ տվել են ժամանակավոր, թող հավաստագրերի մեջ գրեին, որ ժամանակավոր է։ Բայց գրել են անժամկետ, անհատույց, հետո ամբողջ գույքը սեփականացրել են»,-ասացին նրանք։

Բնակիչները վստահեցնում են, որ իրենց կարգավիճակը չի փոխվել, շարունակում են մնալ սոցիալապես անապահով, հետևաբար հիմք չկա իրենց հանդեպ կիրառվող բարեգործությունը՝ տանիքի տրամադրումը, դադարեցնել։ Եթե իրենցից մեկը անշարժ գույք ձեռք բերի, պատրաստ է գնալ՝ տունը թողնել նոր կարիքավորի, բայց իրենք նոր գույք ձեռք չեն բերել։

Ավանի հողատարածքը, վրան կառուցված տները, ամեն ինչ հիմնադրամի սեփականությունն է՝ վստահեցրին բնակիչները։ Նրանք կասկածում են, որ իրենց կհեռացնեն և նոր ապրողներ կհրավիրեն բարեգործական նպատակներով․ «400 բնակչի ապագան կախված է այդ որոշումից։ Եթե հիմնադրամը որոշեց, որ վաճառի, դա բարեգործություն չէ, այդ մարդկանց պետք է դուրս անեն։ Տնօրենն ասել է՝ հիմնադրամը չեմ ուզում հարստացնել, ընդամենն ուզում եմ նորից բարեգործություն անել»։

Ավանի շինարարությունը 2001 թ-ին է սկսվել, 2008 թ-ին պետք է ավարտվեր՝ դպրոցով, մանկապարտեզով, խաղահրապարակով, բայց կիսատ է թողնվել՝ ասացին բնակիչները։

Բարեգործական հիմնադրամների, բնակիչների խոսքով՝ «կուրատոր»  Վարագ Սիսեռյանը, նրանց ընդունել է իր աշխատասենյակում, զրուցել, ասել՝ այստեղ թելադրողը պետությունն է և պետությունը զբաղվելու է ի շահ ժողավրդի։

«Ժամանակը ցույց տվեց, որ պրն․ Սիսեռյանը չի զբաղվել այս հարցով։ Հիմա խնդրումենք հանդիպում վարչապետի հետ, քանի որ մենակ վարչապետն է աշխատում»,-ասացին ցուցարարները։

Մանրամասն՝ տեսանյութում․