կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-13 03:23
Առանց Կատեգորիա

ԿԱԼԻՖՈՐՆԻԱ ԿՈՒՐԻԵՐ. Պետք է հակազդել Օբամայի` Բաքվում և Անկարայում դեսպանների նշանակմանը

ԿԱԼԻՖՈՐՆԻԱ ԿՈՒՐԻԵՐ. Պետք է հակազդել Օբամայի` Բաքվում և Անկարայում դեսպանների նշանակմանը

Ամերիկահայերը պետք է վճռական հակազդեցություն ցույց տան նախագահ Օբամայի` Մեթյու Բրայզային Ադրբեջանում եւ Ֆրենկ Ռիկիարդոնեին Թուրքիայում ԱՄՆ դեսպանների պաշտոնում միակողմանի նշանակումներին: Այս մասին իր հերթական հոդվածում գրում է «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը՝ նկատելով, որ օգտվելով խորհրդարանական արձակուրդներից՝ Օբաման շրջանցեց Միացյալ Նահանգների Սենատը` այդ «ընդմիջումային նշանակումները» կատարելու համար դեկտեմբերի 29-ին:

 

Չնայած Սենատի նստաշրջանից դուրս գտնվելու ժամանակ նախագահ Օբաման այսպիսի ժամանակավոր նշանակումներ կատարելու օրինական իրավասություն ունի, սակայն նրա անխոհեմ որոշումը կարող է մի շարք լուրջ հետեւանքներ ունենալ.

 

• Միացյալ Նահանգների նոր դեսպանների օրինականության եւ վստահելիության ձախողում իրենց հյուրընկալող երկրների աչքում, քանի որ նրանց նշանակումները կատարվել են օրենսդրության մեջ առկա վաղեմի գործընթացի պատճառով, այլ ոչ թե Սենատի պատշաճ հաստատմամբ:

 

• Առճակատում իր կուսակցության երկու նշանավոր սենատորների` Բարբարա Բոքսերի (Կալիֆորնիա) եւ Ռոբերտ Մենենդեսի (Նյու Ջերսի) հետ, որոնք «կասեցում» էին դրել Բրայզայի թեկնածության վրա: Արդեն իսկ կորցնելով հանրապետականների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատը՝ Օբաման այժմ Սենատի դեմոկրատական նոսրացած մեծամասնության յուրաքանչյուր ձայնի խիստ կարիք ունի:

 

• Հակառակություն Սենատի բոլոր անդամների հետ` դեսպանների թեկնածությունը հաստատելու մանդատից սենատորներին զրկելու պատճառով:

 

• Բոլոր կամուրջների այրում Նախագահի եւ ամերիկահայերի միջեւ, որոնք նրա ամենաջերմ աջակիցներից էին վերջին նախագահական ընտրություններում, արդեն իսկ խախտելով Հայոց ցեղասպանության, Արցախի ինքնորոշման եւ Հայաստանի ֆինանսական աջակցության վերաբերյալ տված իր խոստումները:

 

Բարեբախտաբար, նախագահ Օբամայի ընդմիջումային նշանակումները ժամանակավոր բնույթ են կրում եւ տարբերվում են դեսպանների բնականոն ծառայության ժամկետից: Դրանք վավերական են ընդամենը մեկ, այլ ոչ թե սովորական երեք տարվա համար: Որպեսզի Բրայզան եւ Ռիկիարդոնեն 2011 թվականից հետո եւս աշխատեն որպես դեսպաններ, նախագահ Օբաման պետք է նրանց անունները կրկին ներկայացնի Սենատ` պատշաճ կերպով հաստատելու համար:

 

Սենատն ու Ամերիկայի հայկական համայնքը բավարար ժամանակ ունեն անհրաժեշտ բոլոր քայլերը ձեռնարկելու` իրենց երեսին Նախագահի հասցրած ապտակն աննկատ եւ անպատասխան չթողնելու համար: Երկու դեսպաններն էլ պետք է հետ ուղարկվեն ընթացիկ տարվա վերջին:

 

Ահա այն քայլերը, որոնք կարող են խոչընդոտել Սենատում առաջիկա ամիսներին Բրայզայի հաստատմանը.

 

• Հանգամանորեն ուսումնասիրել Բաքվում Բրայզայի հրապարակային հայտարարությունները, մամուլի ասուլիսներն ու հարցազրույցները` ստուգելու համար, որ նա պատշաճորեն է ներկայացնում Միացյալ Նահանգների շահերն Ադրբեջանում, այլ ոչ թե` Բաքվի շահերը Վաշինգտոնում:

 

• Հրապարակել Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմած ադրբեջանցի լրագրողի ներկայացրած փաստաթղթերը. նա պնդում է, թե 2007 թվականին Ստամբուլում տեղի ունեցած Բրայզայի ճոխ հարսանյաց հանդեսի ծախսերը վճարել է Ադրբեջանի տնտեսական զարգացման նախկին նախարարը: Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ, Բրայզան երդում տալով վկայել է, որ իր հարսանիքի ծախսերը հոգացել է իր ընտանիքը: Եթե Եվրադատարանը հայտնաբերի, որ, իրոք Ադրբեջանի կառավարությունն է ֆինանսավորել Բրայզայի հարսանիքը, ապա նրան պետք է մեղադրել երդման տակ ստելու, նվերները որպես եկամուտ հարկային ծառայություններին չներկայացնելու եւ Միացյալ Նահանգների` նվերներ ստանալու եւ դրանց մասին հայտնելու քաղաքականությունը խախտելու համար:

 

• Ուսումնասիրել անցյալ տարի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում նրա բանավոր եւ գրավոր բոլոր հայտարարությունները` դրանց ճշմարտացիությունը պարզելու նպատակով:

 

• Շահերի բախման ապացույցներ փնտրել կապված Բրայզայի թուրքական ծագում ունեցող կնոջ` Զեյնո Բարանի, Հադսոնի ինստիտուտի Եվրասիայի քաղաքականության հարցերով կենտրոնի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու հետ, որը Վաշինգտոնում գործող վերլուծական կենտրոններից մեկն է եւ ֆինանսավորվում է կասպյան տարածաշրջանում գործունեություն ծավալած «ExxonMobil» եւ այլ էներգետիկ ընկերությունների կողմից: Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը մեղադրել էր Բրայզային` դաշնային բարոյականության կանոնները խախտելու համար` թուրքական եւ ադրբեջանական գործարար շահերի հետ նրա կնոջ ունեցած կապերի պատճառով:

 

• Կապ պահպանել սենատորներ Բոքսերի եւ Մենենդեսի հետ, որոնք անցյալ տարի «կասեցում» էին դրել Բրայզայի թեկնածության վրա` հորդորելով նրանց մեկ անգամ եւս խափանել նրա հաստատումը, երբ Օբաման կրկին նրա անունը կներկայացնի Սենատին: Երկու սենատորները նման վարվելակերպով կվերահաստատեն իրենց նախնական համոզմունքը, որ Բրայզան չի կարող պատշաճորեն աշխատել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում:

 

Հայկական համայնքն ի սկզբանե չէր առարկել Ռիկիարդոնեի թեկնածությանը: Սակայն, քանի որ Օբաման հակադրվել է մի շարք կարեւոր հայկական նախաձեռնությունների եւ խախտել դրանց բոլորի վերաբերյալ տված իր խոստումները, ապա ամերիկահայերը կարող են Օբամայի վարչակարգի նկատմամբ իրենց ընդդիմությունն ընդլայնել տարբեր ճակատներով: Նրանք պետք է աջակցեն այն սենատորներին, որոնք ընթացիկ տարվա վերջին հակված կլինեն «կասեցում» դնել Ռիկիարդոնեի թեկնածության հաստատմանը: Հաշվի առնելով անցյալ տարի հանրապետական սենատոր Սեմ Բրաունբեկի` Ռիկիարդոնեի թեկնածության հաստատմանը «կասեցում» դնելն ու ընդմիջումային նշանակմանը ազդեցիկ պահպանողական շրջանակների առարկությունը, Ամերիկայի հայկական կազմակերպությունները եզակի հնարավորություն ունեն սերտորեն աշխատել հանրապետականների հետ` հակադրվելու նրա հաստատմանը ընթացիկ տարվա վերջին:

 

Եթե Ամերիկայի հայկական համայնքն իր քաղաքական ուժերը լարելով ցույց տա, որ պատրաստ է եւ ի զորու պաշտպանել իր շահերը, ապա շատ հավանական է, որ Միացյալ Նահանգների պետական պաշտոնյաներն առավել ուշադիր կլինեն հայկական հարցերի նկատմամբ: