Ծաղկաձորի հանգստյան տներում Ամանորը դիմավորելը եւ վեց օր հանգստանալն արժե 650.000-ից 900.000 դրամ: Այս արժեքն էապես չի փոխվում՝ պայմաններից կախված: Ծաղկաձորի, Դիլիջանի, Ջերմուկի բոլոր հանգստյան տներում ամանորյա տոնական փաթեթներ ձեռք բերելը գրեթե անհնար էր դեռեւս հոկտեմբերի կեսերից:
Փարիզում տասն օր հանգստանալը, ինչը ներառում է ամանորյա գիշերային միջոցառումը, ավիատոմսն ու օրական երեք անգամյա սնունդը` արժե մինչեւ 800 հազար դրամ: Բնականաբար, այստեղ հյուրանոցների կարգավիճակն ունի գնային լուրջ տարբերություն: Ութ հարյուր հազար դրամին համարժեք եվրոյով հնարավոր է հանգստանալ չորս աստղանի հյուրանոցում։ Ի տարբերություն Ծաղկաձորի, մինչեւ դեկտեմբերի 10-ը դեռեւս հնարավոր էր գնել Փարիզի փաթեթներ։ Ամանորին նախորդող օրերի համար Երեւանից Փարիզ չվերթների տոմսերն ամբողջությամբ վաճառվել են:
Փաստորեն այս տարի հայաստանցիները ստիպված են Ամանորը նշել Փարիզում կամ եվրոպական մեկ այլ երկրում, քանի որ Ծաղկաձորում վաղուց տեղ չկա:
Հավելենք նաեւ, որ, օրինակ, Եգիպտոսում այդ փաթեթների արժեքը Ծաղկաձորի արժեքի կեսն է, իսկ օրերի քանակը կրկնակի է: