կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-14 17:30
Հասարակություն

Արդեն տարիներ է, ինչ մասնակցում ենք Արցախում վերաբնակեցման աշխատանքներին. ՀՅԴ Բյուրոյի անդամ

Արդեն տարիներ է, ինչ մասնակցում ենք Արցախում վերաբնակեցման  աշխատանքներին. ՀՅԴ Բյուրոյի անդամ

Երեկ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Հարցեր` դաշնակցականներին» հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Բյուրոյի անդամ Բենիամին Պչաքճյանը: Նա ուղիղ եթերում պատասխանել է քաղաքացիների հարցերին:

Հարցին, թե «Դաշնակցությունը միշտ հպարտանում է, որ Արցախի հարցով լոբբինգ է անում աշխարհի տարբեր անկյուններում, բայց ո՞րն է դրա արդյունքը: Արցախը մնում է չճանաչված պետություն, շարունակում է մնալ շրջափակված ու աշխարհի  կողմից չընդունված», ՀՅԴ Բյուրոյի անդամը պատասխանել է. «Արցախի ճանաչումը երկար գործընթաց է: Այսօր Ֆրանսիայում ունենք տարբեր քաղաքներ, որոնք իրենց հռչակել են Արցախի  տարբեր համայնքների քույր քաղաքներ: Նույնը` նաև Լիբանանում. Բուրջ Համուդը հայտարարվեց Մարտակերտի քույր քաղաք, իսկ Այնճարը` Կովսականի: Սա ճանաչման գործընթացի առաջին քայլերն են: Վերջին հասնելու համար, որ միջազգային հանրությունը ճանաչի Արցախի ինքնորոշման իրավունքը, Արցախի անկախությունը, երկար ճանապարհ է պետք անցնել»:

Նա նաև նշել է, որ այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, սակայն չպետք է բավարարվել միայն այդքանով: «Սրանք միջազգային հարաբերությունների, քաղաքական աշխատանքներ են:  Մենք պետք է նաև գետնի վրա աշխատանք տանենք: Օրինակ` մենք ունենք «Արի» ծրագիրը, որը ծառայում է թե՛ վերաբնակեցմանը, թե՛ բնակարանաշինությանը, թե՛ տնտեսությանը, թե՛ գյուղատնտեսության զարգացմանը: Արցախում բնակվելու համար աշխատանքներն արդեն 10 տարի է` շարունակվում են: Կառուցվել է մոտ 50 բնակարան Լաչինի շրջանում, մոտ օրերս Քարվաճառում նույնպես կսկսեն կառուցել մոտ  20-25 բնակարան` ավստրալահայ գործարարների ֆինանսավորմամբ: Այնպես որ` արդեն տարիներ է` ինչ մասնակցում ենք Արցախում վերաբնակեցման  աշխատանքներին»,- ասել է Բչաքճյանը` ընդգծելով, որ դա զուտ մասնակցություն է, այլ ոչ` օժանդակություն:

Ինչ վերաբերում է սփյուռքահայերիդերակատարությանը Արցախը զարգացնելու հարցում, նա շեշտել է, որ յուրաքանչյուր սփյուռքահայ նաև պարտավորություն ունի ինչ-որ ձևով զարգացնելու Արցախը: «Եթե մենք այսօր կարողանանք 150-160 հազար բնակչության փոխարեն  Արցախում ունենալ 250-300 հազար բնակիչ, սա հաստատ այլ կերպ է ազդելու բանակցությունների վրա, սա հաստատ բանակցություններն այլ ուղղությամբ կտանի: Մենք պետք է այդ ուղղությամբ մեր ուժերը լարենք, որովհետև միայն այդպես կարող ենք այդ տարածքները պահել»,- եզրափակել է Բչաքճյանը: