կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-03 01:47
Քաղաքական

Ադրբեջանը հուսախաբ եղավ

Ադրբեջանը հուսախաբ եղավ

Աստանայում ընթացող ԵԱՀԿ գագաթաժողովից մեծ ակնկալիքներ ուներ Ադրբեջանը, սակայն որևէ տեղաշարժ էլ չեղավ: Քաղաքագետ Երվանդ Բոզոյանն այսօր ասուլիսի ժամանակ ասաց, թե վերջին երկու տարիներին ՀՀ-ի  վարած անհաջող արտաքին քաղաքականության արդյունքում Թուրքիայի դերը որոշակիորեն ավելի մեծացավ միջազգային գործընթացներում:

 

Թուրքիայի բարվոք վիճակից ոգեւորված` Ադրբեջանը ակտիվ գործունեություն սկսեց` միջազգային ակտերում եւ կազմակերպություններում պրոադրբեջանական ձեւակերպումներ անելով: Ակնկալվում էր, որ այդ ձեւակերպումների վերջին հաստատումը պիտի լիներ Աստանայում: Սակայն «Ալիևի լկտիությունը» չխրախուսվեց գերտերությունների կողմից:

 

«Ալիևը եթե իրեն զուսպ պահեր, ապա մեր արտաքին քաղաքականությունը շատ վտանգավոր բաների կարող էր հանգեցնել: Մեր ժողովրդի անվտանգության գլխավոր երաշխիքը դարձավ Իլհամ Ալիևի ապուշ քաղաքականությունը»,- ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

 

Պահպանվեց Արցախի «ստատուս քվոն», ինչը թե քաղաքագետը, թե տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը դրական են համարում.

 

«Պետք է օգտագործենք «ստատուս քվոն» մեր օգտին: Որքան արագ մենք վերաբնակեցնենք ազատագրված տարածքները, զարգացնենք տեղի ինֆրաստրուկտուրաները, այնքան դժվար կլինի այդ տարածքները զիջելու տարբերակի մասին խոսելը»,- ասաց Տ. Քոչարյանը: