Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Աստանայում ԵԱՀԿ-ի գագաթնաժողովի ընթացքում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները՝ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը, Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը և ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը համաձայնեցին, որ եկել է ժամանակը առավել վճռական գործողություններ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ: Այդ ենթատեքստում նրանք հղում արեցին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի` Մոսկվայում 2008 թ. նոյեմբերի 2-ի և 2010 թ. հոկտեմբերի 27-ի հայտարարություններին: Նրանք համաձայնություն հայտնեցին, որ բանակցությունների միջոցով խաղաղ կարգավորումը տարածաշրջանի ժողովուրդներին կայունություն և անվտանգություն կբերի, և կհանդիսանա միակ հնարավորությունը նրանց միջև համաձայնության հասնելու համար:
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վերահաստատեցին իրենց հանձնառությունը՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերջնական կարգավորմանը ձգտելու միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի, ՄԱԿ-ի Կանոնադրության, Հելսինկյան Եզրափակիչ ակտի, ինչպես նաև ՌԴ, Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահներ Դմիտրի Մեդվեդևի, Նիկոլյա Սարկոզիի Բարաք Օբամայի՝ 2009թ. հուլիսի 10-ի Ակվիլայի և 2010թ. հունիսի 26-ի Մուսկոկի հայտարարությունների հիման վրա:
Միջնորդ երեք երկրներն իրենց աջակցությունը հայտնեցին Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին, որոնք խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ որոշումներ են կայացնելու: Նրանք կոչ արեցին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին՝ նոր եռանդով կենտրոնանալ Հիմնարար սկզբունքների դեռևս չհամաձայնեցված հարցերի լուծման վրա, և հանձնարարեցին համանախագահներին շարունակել աշխատանքը հակամարտության կողմերի հետ` աջակցելով ձեռնարկվող ջանքերին: Ընթացող բանակցությունների մթնոլորտը բարելավելու համար նրանք կոչ արեցին ձեռնարկել հավելյալ քայլեր` ուղղված հրադադարի ամրապնդմանը և բոլոր բնագավառներում վստահության միջոցառումների իրականացմանը: