կարևոր
0 դիտում, 14 տարի առաջ - 2010-11-12 18:18
Մշակույթ

Հայի կերպարը թուրք-ադրբեջանական կինոյում

Հայի կերպարը թուրք-ադրբեջանական կինոյում
Հայի կերպարը թուրք և ադրբեջանցի պատանիների ուղեղներում այսպիսին է` չաղ, փրչոտ ու անատամ անհայտ կենդանի, որը հանգիստ չի տալիս խեղճուկրակ «խաղաղասերներին»: Այսօր «Հայատյացությունը թուրքական և ադրբեջանական կինոյում» խորագրով ֆիլմերի դիտում էր կազմակերպել «Ժառանգ» հասարակական կազմակերպությունը:

Դիտումների նպատակը հայ հանդիսատեսին տեղեկացնելն է, թե ինչպես է կինոն Ադրբեջանում և Թուրքիայում օգտագործվում որպես հակահայկական քարոզչության գործիք: Ցուցադրվեց «120» լիամետրաժ թուրքական ֆիլմը, որը նկարահանվել է երկու տարի առաջ Թուրքիայի զբոսաշրջության և մշակույթի նախարարության պատվերով: Այն պարտադիր դիտման նպատակով ուղարկվել էր թուրքական դպրոցներ: Ֆիլմում խեղաթյուրված կերպով ներկայացվում է 1915 թվականի «պատերազմը»: Հայերը ներկայացված են որպես նենգ ու արյունարբու ահաբեկիչներ, քոչվորներ:

Մյուս երեք ֆիլմերը ադրբեջանական արտադրության են: Առաջինը «Ջավանշիր» մուլտֆիլմն է, որտեղ ներկայացվում է, թե ինչպես են արնախում հայերը սպանել փոքրիկ Ջավանշիրի ծնողներին: Իսկ նա էլ մեծանում է, զինվոր դառնում ու կարողանում է պայթեցնել հայկական տանկը` ոգեշնչված «ադրբեջանական փառահեղ» պատմությամբ: Իսկ ադրբեջանական «փառահեղ» պատմության մեջ չգիտես ինչպես հայտնվում են պարսկական շահերը, կովկասյան Ալբանիայի թուրք առաջնորդ և այլ ազգերից գողացված հերոսներ: Այս ազդեցիկ քարոզչության թիրախը երեխաներ են:

Երկրորդ ֆիլմը կոչվում է «Ադրբեջանը` Ղարաբաղ է»: Նկատելի է, որ այս կարճամետրաժ ֆիլմի նկարահանման համար բավականին լուրջ ֆինանսական ներդրումներ են արվել: Ֆիլմը Արցախյան պատերազմի մասին է, սակայն խեղաթյուրված է պատմական և աշխարհագրական իրականությունը, և ամեն ինչ ներկայացվում է առասպելացված կերպով:

Երրորդ ֆիլմի հեղինակներն ու վերնագիրն անհայտ են: Ֆիլմում հայ երգչուհին մեղքերի քավության համար քահանայի մոտ է գնում և խոստովանում, որ ադրբեջանական երգ է գողացել: Մինչ ադրբեջանցիները ակտիվորեն ֆիլմեր են հրամցնում Արցախյան պատերազմի մասին, հայերի հանդեպ ատելություն ու թշնամանք սերմանելով սեփական ժողովրդի մեջ, մեզ մոտ տարբեր կետերից համերաշխության կոչեր են արվում: 

 

«Բարեկամությունն ու խաղաղությունը, որոնք ցանկացած նորմալ մարդ ի ծնե սիրում է, չեն կարող կառուցվել ատելության հիման վրա: Եթե հակամարտության մի կողմի աչքերը փորձում են փակել և բարեկամության մասին են երգում, այնինչ մյուս կողմը անսահամանափակ ատելությամբ է լցված և հատուկ փայփայում է այդ ատելությունը, ապա ինչ խաղաղության ու համերաշխության մասին կարող է խոսք լինել: Պետք է լուծվի այդ ատելության խնդիրը, հետո միայն խոսվի համերաշխության մասին»,- ասաց «Ժառանգ» հ/կ հիմնադիր անդամ Կարեն Վրթանեսյանը: