կարևոր
550 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-30 17:19
Քաղաքական

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են Հայաստանում Կանադայի դեսպանին

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են Հայաստանում Կանադայի դեսպանին

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը, խմբակցության անդամներ Լիանա Մանուկյանն ու Ռուբեն Մխիթարյանը հոկտեմբերի 30-ին հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուլի Քրոուլիի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։

Ողջունելով նորանշանակ դեսպանին խորհրդարանում՝ Նարեկ Կարապետյանը կարևորել է Հայաստան-Կանադա հարաբերությունների խորացումն ու համագործակցության ընդլայնումը։ Խմբակցության ղեկավարն ընդգծել է, մասնավորապես, կրթական, տնտեսական և առողջապահության ոլորտներում փոխգործակցության զարգացման անհրաժեշտությունը։ Միջխորհրդարանական կապերի սերտացման հարցում էլ արժևորվել է բարեկամական խմբերի դերակատարությունը։

Ընդդիմադիր խմբակցության պատգամավորներն իրենց դիտարկումներն ու մտահոգություններն են ներկայացրել Հայաստանում ներքաղաքական գործընթացների, ժողովրդավարական մակարդակի, դատական իշխանության անկախության վերաբերյալ, խոսել խորհրդարանում ընդդիմություն-իշխանություն հարաբերություններից։

Հանդիպմանը քննարկվել են նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր։ Անդրադարձ է եղել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացին։