կարևոր
370 դիտում, 45 րոպե առաջ - 2026-10-16 21:35
Հասարակություն

4 երեխա և 1 մեծահասակ բուժօգնություն են ստացել «Երևան ուելնես»-ի լողավազանում քլորի մեծ չափաբաժնի պատճառով

4 երեխա և 1 մեծահասակ բուժօգնություն են ստացել «Երևան ուելնես»-ի լողավազանում քլորի մեծ չափաբաժնի պատճառով

Այսօր տեղեկություն տարածվեց, որ «Երևան ուելնես» վերանվանված մարզաառողջարանային համալիր այցելած երեխաների ինքնազգացողությունը վատացել է, շտապօգնություն են կանչել։

Ավելի ուշ մարզաառողջարանային համալիրից հաստատեցին միայն շտապօգնություն կանչելու փաստը՝ նշելով, որ ոչ մեկի ինքնազգացողությունը չի վատացել։ Մանրամասնեցին, թե լողավազանում քլորի արտահոսք է եղել, ապահովության համար են շտապօգնություն կանչել։

Քիչ առաջ էլ «Սպուտնիկ Արմենիա»-ին պարզաբանում է ներկայացրել Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը։ Նշել է՝ լողավազանում քլորի մեծ չափաբաժնի պատճառով 5 անձ է բուժօգնություն ստացել։ 

«Բուժօգնություն է ցուցաբերվել հինգ անձի, որոնցից 4-ը երեխաներ են, իսկ մեկը` մեծահասակ (նա ազգությամբ հնդիկ է, աշխատակիցներից մեկն է)։ Անվտանգության նկատառումներից ելնելով` դեպքի վայր է կանչվել շտապօգնության բրիգադ ու անձանց տրամադրվել է լրացուցիչ թթվածին` ապահովությունից համար»,- ասել է խոսնակը։

Երեխաները գանգատվել են քլորի ընդգծված հոտից, կոկորդում քերոցի զգացողությունից։
Ավինյանի խոսնակը նշել է, որ համալիրի աշխատակցի մոտ արձանագրվել է աչքերի թեթև մրմռոց, հազ, թուլություն, փսխում, ինչպես նաև օդի անբավարարության զգացում և գլխապտույտ: Նա տեղափոխվել է բժշկական կենտրոն, իսկ երեխաների ծնողները հրաժարվել են հոսպիտալացումից:

Հիշեցնենք՝ «Երևան Վելնես» մարզաառողջարարական համալիրը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանից վերցված նախկին «Մուլտի Ոուելնես» սպորտային համալիրն է։

Ծառուկյանին կալանավորելուց հետո կենտրոնը անցել է քաղաքապետարանի ենթակայության ներքո։