կարևոր
400 դիտում, 58 րոպե առաջ - 2026-09-20 10:10
Մշակույթ Տարածաշրջան

Պատմական վրացական Սաինգիլո շրջանում հաղորդում են Կուրմուխի Սուրբ Գևորգ եկեղեցու մոտ իրականացվող հողային աշխատանքների մասին

Պատմական վրացական Սաինգիլո շրջանում հաղորդում են Կուրմուխի Սուրբ Գևորգ եկեղեցու մոտ իրականացվող հողային աշխատանքների մասին

Պատմական վրացական Սաինգիլո շրջանում՝ ներկայիս Ադրբեջանի տարածքում, տեղացիները հաղորդում են Կուրմուխի Սուրբ Գևորգ եկեղեցու մոտ իրականացվող հողային աշխատանքների մասին։ Նրանց խոսքով՝ հողը փորվել է եկեղեցու հիմքի արտաքին և ներքին հատվածների երկայնքով։ Տարածվող լուսանկարներում նույնպես երևում են շինության շուրջ կատարված աշխատանքները։
Սաինգիլոն պատմամշակութային վրացական շրջան է ներկայիս Ադրբեջանի հյուսիս-արևմուտքում՝ Վրաստանի սահմանին։ Վրացական պատմական ավանդույթի մեջ այս տարածքը կապված է պատմական Հերեթիի հետ։ Այսօր Սաինգիլո անվանումով հիմնականում նկատի են առնվում Ադրբեջանի Գախի, Զաքաթալայի և Բալաքանի շրջանները, որտեղ պատմականորեն բնակվում է վրաց բնակչությունը՝ ինգիլոյները։ Համայնքի մի մասը պահպանել է ուղղափառ հավատքը, վրացերենը և մշակութային ավանդույթները։
Կուրմուխի Սուրբ Գևորգ եկեղեցին տարածաշրջանի կարևոր քրիստոնեական հուշարձաններից է և առանձնահատուկ կրոնական ու մշակութային նշանակություն ունի տեղի ուղղափառ վրացիների համար։
Տեղացիների պնդմամբ՝ իրականացվող աշխատանքները մտահոգություն են առաջացնում, քանի որ, նրանց ունեցած տեղեկությունների համաձայն, դրանք համաձայնեցված չեն վրացական կողմի հետ։ Հրապարակումների հեղինակները նաև նշում են, որ տեղի ունեցողը սովորական վերականգնողական կամ վերականգնման աշխատանքների չի նմանվում։
Տեղեկությունը տարածում է վրացական Սաինգիլոյի երիտասարդական շարժումը՝ հղում անելով տեղի բնակիչներին և հրապարակված լուսանկարներին։ Շարժումը կոչ է անում Վրաստանի համապատասխան կառույցներին ուշադրություն դարձնել իրավիճակին, պարզել իրականացվող աշխատանքների բնույթը և ապահովել տարածաշրջանի վրացական մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանությունը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը պետական և պաշտոնական գիտական մակարդակով Կուրմուխի Սուրբ Գևորգ եկեղեցին դասում է Կովկասյան Աղվանքի ժառանգության շարքին։ Նման մեկնաբանությունը տարածվում է նաև մի շարք այլ քրիստոնեական հուշարձանների վրա, որոնք վրացական և հայկական պատմաեկեղեցական ավանդույթները համարում են սեփական ժառանգության մաս։ Սաինգիլոյում ադրբեջանական աղբյուրները աղվանական են անվանում, մասնավորապես, Կում գյուղի եկեղեցին, Լեքիթի կլոր տաճարը և Գախի շրջանում գտնվող «Յոթ եկեղեցի» համալիրը։ Ադրբեջանի պետական և գիտական աղբյուրները Կովկասյան Աղվանքի հետ են կապում նաև Դավիթ Գարեջի-Քեշիկչիդաղ համալիրը, իսկ Ղարաբաղում աղվանական ժառանգության շարքին են դասում, ի թիվս այլոց, Գանձասարը և Դադիվանքը (ադրբեջանական կողմն այն անվանում է Խուդավանք) Վրացական և հայկական կողմերը վիճարկում են նման մեկնաբանությունը այն հուշարձանների վերաբերյալ, որոնք դիտարկում են որպես իրենց պատմական և եկեղեցական ժառանգության մաս։

Աղբյուրը՝ vectornews.ge