կարևոր
820 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-19 16:36
Քաղաքական

Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի եղել, Հայաստանին դարձնում են ագրեսոր, դա նոր սպառնալիք է բոլորիս համար․ Իշխան Սաղաթելյան

Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի եղել, Հայաստանին դարձնում են ագրեսոր, դա նոր սպառնալիք է բոլորիս համար․ Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

«Սիրելի հայրենակիցներ,

Արցախի հայաթափման և էթնիկ զտման երրորդ տարելիցի նախօրեին Նիկոլ Փաշինյանը ստանում է խաղաղության մրցանակը և այդ խաղաղության մրցանակը ստանալիս հայտարարում է, որ ինքը շնորհակալ է Ալիևին և այդ մրցանակը հավասարապես կիսում է նրա հետ։ Սա մեկ անգամ ևս վերհաստատում է մեր այն պնդումը, որ Արցախում տեղի ունեցած բռնի տեղահանումը և հայաթափումը Ալիևը պլանավորել էր Նիկոլ Փաշինյանի հետ, և Նիկոլ Փաշինյանը մեղսակից է Արցախում տեղի ունեցած ցեղասպանական գործողություններին հավասարապես։ Իսկ շնորհակալություն հայտնել Ալիևին ինչի՞ համար, 150 հազար Արցախահայերին տնից, գերեզմանից և հայրենիքից զրկելո՞ւ համար, թե՞ հազարավոր զոհերի։

Երբ մենք խոսում ենք Արցախի հայկական լինելու մասին, Արցախի ժողովրդի հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքի մասին, Բաքվում գտնվող գերիների խնդրի մասին, մեզ ասում են՝ դուք սպառնալիք եք Հայաստանի ինքնիշխանության համար, մինչդեռ սպառնալիքի անունը ակնհայտ է, դա ՔՊ-ն է՝ իր ղեկավարի գլխավորությամբ, ով իր վարած այս քաղաքականությամբ փորձում է հայ ժողովրդին զոհի կարգավիճակից դարձնել ագրեսոր, որովհետև երբ որ մենք հրաժարվում ենք մեր բոլոր իրավունքներից, ասում ենք, որ Արցախը հայկական չի եղել, Հայաստանում պետական մակարդակով շարունակվում է Ադրբեջանի տարիների խոսույթը, դա ստացվում է, որ ըստ էության, եթե Արցախը հայկական չէր, մենք ի՞նչ գործ ունեինք Արցախում։

Երբ դու հրաժարվում ես քո իրավունքներից և ագրեսորին՝ իրական միջազգային հանցագործին դարձնում ես խաղաղասեր, իսկ մեր ժողովրդին՝ ագրեսոր, դա անմիջական սպառնալիք է Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության համար, քանի որ դրանով դու խրախուսում ես Ադրբեջանի ագրեսիան կամ պահանջները Հայաստանի նկատմամբ։

Հետևաբար այս խնդիրների մասին խոսող ուժերը, մարդիկ ոչ թե սպառնալիք են, այլ Հայաստանի անվտանգության շահերից է բխում խոսել մեր իրավունքների մասին, բարձրաձայնել գերիների հարցը, Արցախում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման խնդիրը, խոսել Արցախի հայկականության մասին և Արցախի ժողովրդի անվտանգ և հավաքական վերադարձի իրավունքի մասին, իսկ ովքեր դեռ կասկածում են, որ սա խամաճիկ, Հայաստանի շահերից հեռու և թշնամու շահերը սպասարկող իշխանություն է, կարծում եմ, այս փաստը ևս մեկ անգամ ապացույց էր այդ ամեն ինչի համար»