Միասին կարող ենք
կարևոր
604 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-03 18:19
Հասարակություն

Տելեգրամով ապօրինի թմրաշրջանառության համար չորս անձ է ձերբակալվել

Տելեգրամով ապօրինի թմրաշրջանառության համար չորս անձ է ձերբակալվել

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Տելեգրամյան հավելվածում գրանցված մի խումբ քաղաքացիներ ապօրինի իրացնում են թմրամիջոցներ։

Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ։

Օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում` Երևանի Գոգոլի փողոցում իրացնելու նպատակով թմրանյութ տեղադրելու պահին, իրավապահները ձերբակալել են մայրաքաղաքի բնակիչներ 32-ամյա տղամարդուն և 33-ամյա կնոջը։

Տղամարդու վարած ավտոմեքենայով հանդերձ նրանք ներկայացվել են նախաքննական մարմին։

Երկուսին էլ առաջադրվել է մեղադրանք։

Կատարված խուզարկությամբ մեքենայում հայտնաբերվել են մեթամֆետամինի նմանվող ընդհանուր 27 գրամ զանգվածով փաթեթներ։

Իրավապահների հետագա համատեղ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ ձերբակալված տղամարդն ու կինը մեթամֆետամինը ձեռք են բերել մայրաքաղաքի Նորաշեն թաղամասում բնակվող ամուսիններից։ Նորաշենի բնակիչներ՝ 40-ամյա տղամարդն ու նրա 33-ամյա կինը, ևս ձերբակալվեցին ու ներկայացվեցին նախաքննական մարմին։

Նրանց նույնպես առաջադրվել է մեղադրանք։ Նախաքննությունը շարունակվում է։