Միասին կարող ենք
կարևոր
1777 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-02 16:06
Քաղաքական

«Արևմտյան Ադրբեջան»-ի զարգացման փուլերը․ ինչո՞ւ է իրական սպառնալիքը ներկայացվում որպես վիրտուալ խաղ

«Արևմտյան Ադրբեջան»-ի զարգացման փուլերը․ ինչո՞ւ է իրական սպառնալիքը ներկայացվում որպես վիրտուալ խաղ

«Համերաշխություն» կրթական և հետազոտական հիմնադրամի համակարգող Յանա Գաբելիա Մանթաշևան գրում է․

«Քողարկված» նիկոլականների բացահայտումը իրականում բացարձակ դժվար բան չէ, բավական է սթափ հայացքով հետևել այն նարատիվներին, որոնք նրանք համառորեն ներարկում են հանրային գիտակցության մեջ՝ իշխող վարչախմբի կենսունակությունն ապահովելու համար։

Այսօր հերթական ամենավտանգավոր մանիպուլյացիան իրականացվում է «Արևմտյան Ադրբեջան» թեզի շուրջ։ Ինչպես հրահանգավորված է մեկ մարդու նման, նրանք փորձում են թեզի քաղաքական ու առարկայական վտանգները զետեղել բացառապես «հիբրիդային պատերազմի» կամ տեղեկատվական գրոհի շրջանակներում։ Սա զուտ մեկնաբանություն չէ, այլ նպատակաուղղված քաղաքական գիծ, որի նպատակն է թմրեցնել հանրային զգոնությունը։ Իրական սպառնալիքը ներկայացնելով որպես «վիրտուալ խաղ»՝ նրանք փորձում են հասարակությանը հաշտեցնել սեփական կործանման հեռանկարի հետ՝ քողարկելով պետականությանը սպառնացող էկզիստենցիալ վտանգները։

Որպեսզի հանրությունը չնկատի սեփական դռանը չոքած իրական վտանգը, իրանք հմտորեն թիրախավորում են Ռուսաստանի հետ «հիբրիդային» առճակատումն ու թշնամանքը կամ բեմադրությունը, իսկ ներքին լսարանին լռեցնելու համար կրկին զինանոցից հանում են «նախկինների» մաշված, բայց դեռևս կիրառելի գործիքը:

Եկեք նայենք «Արևմտյան Ադրբեջան» ծրագրի զարգացման փուլերը

• 2020 թ. դեկտեմբեր. 44-օրյա պատերազմի ավարտից անմիջապես հետո Բաքվում կայացած հաղթանակի շքերթի ժամանակ Ալիևը հրապարակային հայտարարեց, որ Երևանը, Զանգեզուրը և Սևանը Ադրբեջանի «պատմական հողերն են»՝ դնելով քաղաքական նոր նշաձողը:

• 2021 թ. հուլիս. Ստեղծվեց Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանը: Սա ռազմավարական անվանում էր, որն անուղղակիորեն ենթադրում էր «Արևմտյան Զանգեզուրի» (ՀՀ Սյունիքի մարզի) գոյությունը որպես Ադրբեջանի հավակնությունների թիրախ:

• 2022 թ. օգոստոս. «Ադրբեջանի փախստականների աջակցության միավորումը» վերակազմավորվեց «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպության: Այն ստացավ պետական բարձր հովանավորչություն և դարձավ այս թեզի գլխավոր քարոզչական շտաբը:

• 2022 թ. դեկտեմբերի 24. Իր ծննդյան օրը Ալիևն այցելեց «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» գրասենյակ և ունեցավ ծրագրային ելույթ: Նա պաշտոնապես հանձնարարեց մշակել «Վերադարձի հայեցակարգը»՝ նշելով, որ «մենք վերադառնալու ենք ոչ թե տանկերով, այլ մեքենաներով և խաղաղ ճանապարհով»:

• 2023 թ. հունվար-մարտ. Հայեցակարգը պաշտոնապես հաստատվեց: Ադրբեջանը սկսեց նամակներ հղել ՄԱԿ-ի քարտուղարությանը՝ պահանջելով միջազգային ներկայություն Հայաստանի տարածքում՝ ադրբեջանցիների անվտանգ վերադարձն ապահովելու համար:

• 2023 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր. Արցախի հայաթափումից հետո Բաքուն կտրուկ ակտիվացրեց այս թեզը միջազգային հարթակներում՝ փորձելով ստեղծել «հայելային պատասխան» հայ փախստականների իրավունքների հարցին:

• 2024 - 2025 թթ. Պետական մակարդակով իրականացվեց Հայաստանի ողջ քարտեզի «ադրբեջանականացում»: Դպրոցական դասագրքերում և հեռուստաընկերությունների եղանակի տեսության ծրագրերում Հայաստանի բնակավայրերը սկսեցին ներկայացվել բացառապես հնարված ադրբեջանական տեղանուններով:

• 2026 թ. (ներկա փուլ). Բաքուն այս թեզն օգտագործում է որպես նախապայման խաղաղության պայմանագրի գործընթացում՝ փորձելով ստիպել Հայաստանին իրավականորեն ճանաչել ադրբեջանցիների «վերադարձի իրավունքը» իր սուվերեն տարածք:

Կա՛մ դուք քաղաքականապես տգետ եք, որ չեք հասկանում հստակ քաղաքական ռազմավարությունը, կա՛մ իշխանական մանիպուլյատոր։ Ինքնե՛րդ ընտրեք, թե ով եք դուք: