Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանի նախաձեռնությամբ՝ սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել հանդիպում «Բերքառատ Հայաստան» ֆեյսբուքյան խմբի անդամների հետ:
Խումբը ստեղծվել է ֆերմեր Հայկ Մելքոնյանի կողմից, հարթակում ակտիվ քննարկումներ են ծավալվում Հայաստանի գյուղատնտեսության ոլորտին առնչվող հարցերի շուրջ, խմբի անդամները ներկայացնում են իրենց հաջողության պատմությունները և փորձը: Նախարարը ողջունել է մասնակիցներին՝ նշելով, որ հետևում է նրանց գործունեությանը վիրտուալ հարթակում, և ցանկություն է առաջացել նաև իրական կյանքում հանդիպել, լսել նրանց մտահոգություններն ու առաջարկները:
«Սա մեր առաջին հանդիպումն է, որը ճանաչողական բնույթ ունի, սակայն կարծում եմ, որ դրանք կարող են դառնալ պարբերական և կոնկրետ թեմաների շուրջ։ Ըստ էության՝ վիրտուալ հարթակից՝ իրական շփում, բարձրաձայնվող խնդիրներից՝ կառուցողական լուծումներ ձևաչափով»,-մասնավորապես նշել է Արթուր Խաչատրյանը: «Բերքառատցիներն» իրենց հերթին նշել են, որ հաճելիորեն զարմացած են նախարարի հրավերից և համագործակցության պատրաստակամություն հայտնել:
Այնուհետև մասնակիցները սուրճի սեղանի շուրջ անկաշկանդ զրույց են ունեցել գյուղատնտեսության ոլորտի խնդիրների մասին, ներկայացրել դրանք հաղթահարելու մասին իրենց տեսակետները: Մասնավորապես մտքեր են փոխանակվել չօգտագործվող հողատարածքների կրճատման, կոոպերացիայի խթանման, նորագույն տեխնոլոգիաների ներդրման, հողերի քարտեզագրման, անասնաբուժության խնդիրների, կլիմայի փոփոխությամբ պայմանավորված՝ վնասատուների դեմ պայքարի և այլ հարցերի շուրջ:
Արթուր Խաչատրյանը նշել է, որ նախարարության առաջնահերթություններից է օգտագործվող հողատարածքների ավելացումը, և այդ նպատակով օրերս կառավարությունը հաստատեց սահմանամերձ բնակավայրերում աշնանացանի ցանքատարածությունների ավելացման համար տրամադրվող դրամական աջակցության ծրագիրը, որը կիրականացվի արդեն այս տարի: Նախարարը շեշտել է, որ ուշադրության կենտրոնում է հողերի խոշորացման հարցը՝ ընդգծելով, որ խոշորացման գործընթացում գերակա է սեփականության իրավունքի պահպանումը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին