Միասին կարող ենք
կարևոր
703 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-23 09:39
Հասարակություն

Ամեն օր նման մի առիթ տալիս է. «Փաստ»

Ամեն օր նման մի առիթ տալիս է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը պաշտոնապես դիմել է ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ պահանջելով «Պաշտոնատար անձի վարքագծի կանոնների խախտման» հիմքով վարույթ հարուցել ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի նկատմամբ:

Փորձագետների համոզմամբ, Փաշինյանի «էքսցենտրիկ» պահվածքը, վարքն ու որևէ նորմի մեջ չտեղավորվող հայտարարություններից շատերը վաղուց են «խնդրվում»՝ նման վերաբերմունքի արժանանալու:

Իսկ Ավետիք Չալաբյանը, ինչպես տեղեկանում ենք նրա սոցցանցային գրառումից, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին դիմել է այն բանի համար, որ ապրիլի 17-ին ելույթ ունենալով ԱԺ ամբիոնից՝ Նիկոլ Փաշինյանը «գռեհիկ կերպով վիրավորել է իր քաղաքական մրցակիցներին և նրանց բազմահազար հետևորդներին»:

Հարկավ, դրանից հետո Փաշինյանը նույն սոցցանցերում ու հանրային հարթակներում բազմահազար հայրենակիցներից ստացել է վաստակած հակադարձումներ ու բնորոշումներ, բայց դա խնդրի էությունը չի փոխում, վարչապետի պաշտոնն զբաղեցնողի անընդունելի վարքն ու պահվածքի վիրավորականությունը չի մեղմում:

«Հետևողականորեն հետամուտ եմ լինելու, որպեսզի դիմումը պատշաճ ընթացք ստանա։ Եթե դուք էլ եք ձեզ վիրավորված համարում Նիկոլ Փաշինյանի գռեհիկ արտահայտություններից, կարող եք նմանատիպ պահանջ ներկայացնել նույն հանձնաժողովին»,- ընդգծում է Չալաբյանը:

Եվ էլի՝ դժվար է չհամաձայնել: Իհարկե, անցած 8 տարում, առավել ևս՝ վերջին 1-2 տարվա մեջ, մանավանդ՝ այս վերջին ամիսներին գրեթե ամենօրյա ռեժիմով արձանագրվող փաշինյանական անընդունելի դրսևորումների պարագայում, թվում է, իմաստ չունի դրանց վրա կենտրոնանալ կամ փորձել իրավական հուն մղել: Նաև միգուցե միամտություն կթվա, որ առկա ավտոկրատ իշխանավարման պայմաններում որևէ պետական հաստատություն (թեկուզ սահմանադրորեն անկախ համարվող) նման դիմումներին գործնական ընթացք կտա:

Սակայն մյուս կողմից՝ իսկապես չի կարելի ձեռքերը ծալած մի կողմ քաշվել ու կարծել, թե՝ «մեկ է, բան չի լինելու»: Իսկ որպեսզի «բան լինի», նման նախաձեռնությունները, ինչպիսին դրսևորել է Ավետիք Չալաբյանը, պետք է օրինակելի ու վարակիչ լինի նաև այլ ակտիվ գործիչների, քաղաքական ու հասարակական ուժերի համար:

Նախաձեռնություն՝ նախաձեռնության վրա: Դիմում՝ դիմումի ետևից: Ու ոչ միայն «Պաշտոնատար անձի վարքագծի կանոնների խախտման» հիմքով: Նաև ընտրապայքարի կանոնների, մրցակցության հավասար հնարավորությունների սկզբունքի խախտման հիմքերով: Քավ լիցի, Փաշինյանը գրեթե ամեն օր է մի նման առիթ տալիս:

Իսկ հիմա պատկերացրեք, որ ունենք մի իրավիճակ, երբ բազմաթիվ քաղաքական ուժեր, գործիչներ, պարզապես քաղաքացիներ դիմում են պատկան մարմիններին՝ Փաշինյանին պատասխանատվության կանչելու համար: Եվ եթե դա «կարմիր քարտ» էլ չդառնա, ապա առնվազն «դեղին» կլինի: