Միասին կարող ենք
կարևոր
1273 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-10 14:36
Քաղաքական

Աջակցություն 9.310 ընտանիքի կամ 40.000 արցախցու. Ռուսաստանն ամփոփել է ծրագրի հերթական փուլը

Ռուսաստանն ավարտել է Հայաստանում իրականացվող լայնածավալ մարդասիրական աջակցության հերթական փուլը, որի շրջանակում «Ռուսաստանը ձեզ հետ է» նախագծով աջակցություն է ստացել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 40 հազար մարդ։ 

Նախաձեռնությունն իրականացվել է «Եվրասիա» ԻՀԿ-ի և «Ռուսական հումանիտար առաքելություն» ԻՀԿ-ի կողմից՝ Ռոսսոտրուդնիչեստվոյի հովանու ներքո, տեղական վարչակազմերի և կամավորական միավորումների աջակցությամբ։

Ծրագիրը մեկնարկել էր 2025 թվականի հուլիսի 31-ին և շարունակվել ավելի քան ութ ու կես ամիս՝ մինչև 2026 թվականի ապրիլի կեսերը։ Այդ ընթացքում մարդասիրական օգնություն է տրամադրվել 9310 ընտանիքի, այսինքն՝ ավելի քան 40 հազար մարդու։ Աջակցությունը հիմնականում հասցեագրվել է առավել խոցելի խմբերին՝ բազմազավակ ընտանիքներին, կերակրողին կորցրած ընտանիքներին, հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքներին, ինչպես նաև միայնակ տարեցներին։

Շահառուներին փոխանցվել է 9310 համալիր մարդասիրական փաթեթ, որոնք ներառել են սննդամթերք, հիգիենայի պարագաներ, կենցաղային քիմիա և մանկական ապրանքներ։ Օգնության բաշխման կետեր են գործել Հայաստանի տարբեր բնակավայրերում, իսկ սահմանափակ շարժունակություն ունեցող քաղաքացիների և հաշմանդամություն ունեցող անձանց համար կազմակերպվել են նաև հասցեական առաքումներ։ Ընդհանուր առմամբ ծրագիրն ընդգրկել է Հայաստանի 45 բնակավայր, ինչը հնարավորություն է տվել աջակցություն հասցնել հանրապետության տարբեր մարզերում բնակվող տեղահանված ընտանիքներին։

Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավարի տեղակալ Իգոր Չայկան ընդգծել է, որ այս նախաձեռնության առանցքում թվերը չեն, այլ մարդկանց նկատմամբ ցուցաբերված ուշադրությունն ու հոգատարությունը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը բազմիցս ապացուցել է, որ իր համար «օտար» դժբախտություն գոյություն չունի, և որտեղ էլ ապրեն հայրենակիցներն ու բարեկամ ժողովուրդները, այնտեղ Ռուսաստանը պատրաստ է լինել նրանց կողքին։ Նա նաև նշել է, որ ներկայիս պայմաններում առանձնահատուկ նշանակություն ունեն միասնությունն ու փոխօգնությունը, քանի որ դժվարությունները հաղթահարվում են այն դեպքում, երբ մարդիկ աջակցում են միմյանց։

«Ռուսական հումանիտար առաքելություն» կազմակերպության գլխավոր տնօրեն Սերգեյ Շևչուկն իր հերթին հիշեցրել է, որ կազմակերպությունը վերջին տարիներին աշխատել է Հայաստանի բոլոր մարզերում, իսկ այս նախագիծը դարձել է երկրում իրականացվող համակարգային գործունեության կարևոր փուլերից մեկը։ Նրա խոսքով՝ խոսքը միայն մարդասիրական բեռների փոխանցման մասին չէր, այլ մարդկանց կողքին լինելու, նրանց հետ շփվելու և նրանց իրական կարիքները հասկանալու փորձի մասին։ Նա ընդգծել է, որ յուրաքանչյուր թվի հետևում կանգնած են կոնկրետ ճակատագրեր, հաղթահարման պատմություններ և կյանքը նորից կառուցելու մարդկանց ներքին ուժը։

«Եվրասիա» ԻՀԿ-ի խորհրդի նախագահ, Պետդումայի պատգամավոր Ալյոնա Արշինովան հայտարարել է, որ կազմակերպության համար սկզբունքային է լինել այն մարդկանց կողքին, ովքեր հատկապես աջակցության կարիք ունեն։ Նրա գնահատմամբ՝ շուրջ ինը ամիս իրականացված աշխատանքը թույլ է տվել օգնել ավելի քան 40 հազար բռնի տեղահանվածի, իսկ այդ թվերի հետևում մարդիկ են, որոնց համար կարևոր է զգալ, որ իրենք մենակ չեն մնացել սեփական խնդիրների առաջ։ Նա նշել է, որ ծրագրի նպատակն է մարդկանց օգնել վերականգնել վստահությունն ու վերադառնալ բնականոն կյանքի։

Չնայած մարդասիրական աջակցության այս փուլն արդեն ավարտվել է, կազմակերպիչները հայտնել են, որ Հայաստանի տարածքում օգնության ծրագրերը շարունակվելու են նաև առաջիկայում։ Նրանք նաև շնորհակալություն են հայտնել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությանը՝ մարդասիրական բեռների տեղափոխման կազմակերպմանն աջակցելու համար։

Ստորև ներկայացվում է նաև ծրագրի մասին պատմող ռեպորտաժը.