|
Փոխարժեքներ
10 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.06 |
| EUR | ⚊ | € 438.86 |
| RUB | ⚊ | ₽ 4.8219 |
| GBP | ⚊ | £ 503.77 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Մենք գրում ենք Ձեզ Հյուսիսային Ամերիկայի Մերձավոր Արևելքի հետազոտությունների ասոցիացիայի (MESA) Ակադեմիական ազատության հարցերով հանձնախմբի անունից՝ հայտնելու մեր մտահոգությունը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի (ՀՑԹԻ) տնօրեն, դոկտոր Էդիտա Գզոյանի հարկադիր հրաժարականի վերաբերյալ տեղեկությունների կապակցությամբ։
Մենք հորդորում ենք անհապաղ վերականգնել նրան իր պաշտոնում և պահանջում ենք, որ Ձեր գրասենյակը երաշխավորի ինստիտուտի ակադեմիական անձեռնմխելիությունը։
MESA-ն հիմնադրվել է 1966 թվականին՝ նպատակ ունենալով խթանել Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի վերաբերյալ գիտական հետազոտություններն ու դասավանդումը։ Լինելով ոլորտի առաջատար կազմակերպություն՝ MESA-ն հրատարակում է «International Journal of Middle East Studies» հանդեսը և ունի շուրջ 2800 անդամ ողջ աշխարհում։ MESA-ն հանձնառու է ակադեմիական ազատության և արտահայտվելու ազատության ապահովմանը ինչպես տարածաշրջանում, այնպես էլ Հյուսիսային Ամերիկայում և այլուր տարածաշրջանի հետազոտման համատեքստում։
Դոկտոր Գզոյանը, ով ընտրվել է իր պաշտոնում 2024 թվականին ՀՑԹԻ հոգաբարձուների խորհրդի կողմից, առանցքային առաջնորդող դեր է խաղացել Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր գիտական աշխատանքների խթանման, թանգարանի արդիականացման և երիտասարդ հայ գիտնականներին ցեղասպանագետների համաշխարհային հանրության մեջ ինտեգրելու գործում։
Հայոց ցեղասպանության տարիներին երեխաների տեղափոխման վերաբերյալ նրա սեփական գիտական աշխատությունները հրապարակվել են եվրոպական և ամերիկյան առաջատար պարբերականներում։ Նա դրական միջազգային ուշադրություն է սևեռել ՀՑԹԻ-ին։
Ուստի, մենք մտահոգված ենք մամուլի հրապարակումներով և հայաստանյան գործընկերների հետ հաղորդակցությամբ, ըստ որոնց՝ դոկտոր Գզոյանը ստիպված է եղել հրաժարական տալ 2026 թվականի փետրվարի 10-ին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ ՀՑԹԻ կատարած պաշտոնական այցից հետո։
Այդ այցի ընթացքում նա ներկայացրել է ինստիտուտի մի քանի հրատարակություններ, այդ թվում՝ 20-րդ դարի սկզբին ամերիկյան մամուլում Անդրկովկասի հայերի դեմ իրականացված կոտորածների և հարձակումների լուսաբանման վերաբերյալ մի աշխատություն, որտեղ հիշատակվում է Լեռնային Ղարաբաղը, ինչպես նաև ուղեկցել է պարոն Վենսին և նրա տիկնոջը՝ Ուշա Բալա Վենսին, թանգարանում և Հայոց ցեղասպանության հուշահամալիրում։
2026 թվականի մարտի 12-ի մամուլի ասուլիսի ժամանակ Դուք նշեցիք, որ պահանջել եք նրա հրաժարականը Լեռնային Ղարաբաղի մասին ինստիտուտի գրքերի ներառման պատճառով՝ այդ գրքերը որակելով «սադրիչ» և Հայաստանի արտաքին քաղաքականությանը հակասող։ Այնուհետև, Դուք շրջանցել եք սահմանված ընթացակարգը և տնօրենի պաշտոնում նշանակել Ձեր աշխատակազմի անդամներից մեկին, իսկ անկախ հոգաբարձուների խորհրդի անդամներին փոխարինել քաղաքական դաշնակիցներով։
Մենք հասկանում ենք, որ Հայաստանը գտնվում է ծանր և բարդ իրավիճակում՝ ձգտելով վերջ տալ Ադրբեջանի հետ բազմամյա հակամարտությանը և հասնել հարաբերությունների կարգավորման։ Սակայն պատմական հիշողության ջնջումը չի կարող պայմանավորված լինել կարճաժամկետ քաղաքական կարիքներով։
ՀՑԹԻ-ի հիմնադրման նպատակներից մեկը հենց Հայոց ցեղասպանության ժխտողականությանը դիմակայելն էր։
Օսմանյան կայսրության հայերի պատմության և հիշողության ուսումնասիրմանը նվիրված աշխարհի առաջատար հետազոտական հաստատություններից մեկի և կարևոր գիտական ռեսուրսի՝ ՀՑԹԻ-ի հետ կապված գիտնականների ակադեմիական ազատության պաշտպանությունը էական նշանակություն ունի։
Մենք խնդրում ենք Ձեզ անհապաղ վերականգնել դոկտոր Գզոյանին իր պաշտոնում։
Մենք հորդորում ենք Հայաստանի կառավարությանը գործել արագ՝ շտկելու այն, ինչը թվում է որպես անարդարացի միջամտություն գիտական անկախությանը, և վերականգնել միջազգային ակադեմիական հանրության վստահությունը ՀՑԹԻ-ի ինստիտուցիոնալ ամբողջականության և ակադեմիական ազատության ու մարդու հիմնարար իրավունքների նկատմամբ Հայաստանի հանձնառության հանդեպ։
Հարգանքներով՝
Ուսամա Մաքդիսի
MESA-ի նախագահ
Պրոֆեսոր, Կալիֆոռնիայի համալսարան, Բերկլի
Ջուդիթ Է. Թաքեր
Ակադեմիական ազատության հարցերով հանձնախմբի նախագահ
Էմերիտուս պրոֆեսոր, Ջորջթաունի համալսարան
Պատճենը՝
Ժաննա Անդրեասյանին՝ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Անահիտ Մանասյանին՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան
Մայքլ Օ’Ֆլահերտիին՝ Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար
Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիային (IAGS)։