Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Վարչական դատարանում սկսվեց ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի նախկին խորհրդական, իրավաբան Գրիգոր Մուրադյանի հայցի քննությունը: Գրիգոր Մուրադյանի ընդդեմ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի՝ «Գրիգոր Մուրադյանին Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդականի պաշտոնից ազատելու մասին» 22.10.2020 թվականի Հ. 39 կարգադրությունն անվավեր ճանաչելու, ինչպես նաև Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդականի պաշտոնում վերականգնելուն և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասին է:
Հայցվոր Գրիգոր Մուրադյանի շահերի ներկայացուցիչ Տիգրան Ղազարյանը նշեց, որ Գրիգոր Մուրադյանի իրավունքների խախտման փաստի հիմքում դրված է այն փաստարկը, որ վերջինս աշխատանքից ազատվել է կոպտագույն խախտումներով, որոնք արդյունք էին 2020թ․-ի սահմանադրության փոփոխությունների։ Նա նշում է, որ սահմանադրության փոփոխությունները եւ ՍԴ երեք դատավորների, նախագահի պաշտոնավարման դադարումը տեղի է ունեցել Սահմանադրության եւ ԱԺ կանոնակարգ օրենքի կոպտագույն խախտումներով:
Դատավոր Մհեր Պետրոսյանը նախ նշեց, որ Սահմանադրական փոփոխություններին առնչվող գործը քննվում է ՍԴ-ում, որն էլ կարող է հիմք է դառնալ այս գործի վարույթը կասեցնելու համար։ Ապա նա առաջարկեց հետաձգել դատական նիստը մինչև հունիսի 21-ը։
Հավելենք, որ ՍԴ գործող նախագահ Արման Դիլանյանի դեմ նույն հայցը ներկայացրել են նաեւ ՍԴ նախագահի նախկին խորհրդականներ Հրայր Ղուկասյանը եւ Վարդան Պողոսյանը՝ նույն պահանջներով։
Նշենք, որ Սահմանադրական դատարանը ապրիլի 20-ին քննելու է Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա` «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 2-րդ և 7-րդ մասերի, 5-րդ հոդվածի 2-րդ մասի 4.2-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը: 2020 թվականի հունիսի 22-ին ԱԺ-ն 89 կողմ ձայներով ընդունեց «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների ներկայացրած սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Սահմանադրության 213-րդ հոդվածի փոփոխություններն ուժի մեջ մտնելու պահից դադարեցված էին համարվել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և 12 տարուց ավելի պաշտոնավարած ՍԴ երեք անդամներ՝ Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի և Ալվինա Գյուլումյանի լիազորությունները: