Միասին կարող ենք
կարևոր
1258 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-25 13:35
Հասարակություն

Տիկին Ժաննան ու Գևորգը ծաղրո՞ւմ են Արայիկ Հարությունյանին

Տիկին Ժաննան ու Գևորգը ծաղրո՞ւմ են Արայիկ Հարությունյանին

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում խորքային խնդիրներն այլևս գաղտնիք չեն մեր հասարակության համար: Գաղտնիք չէ նաև այն հանգամանաքը, որ իշխանություններն ամեն գնով կոծկում են դրանք, ամեն կերպ խուսափելով ագրարային կրթության ոլորտում ընդունել սեփական ֆիասկոն:

Yerkir.amտեղեկացրել էր, որ շուրջ մեկ տարի համալսարանը գործում է առանց պետական հավատարմագրման, իսկ 2025թ. հունվարի 1-ից՝ առանց ռազմավարական ծրագրի:

Yerkir.am-ը 3 շատ պարզ հարց էր ուղարկել վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, կառավարության կողմից ագրարայինի հոգաբարձուների խորհրդում ներկայացված Զարուհի Մաթևոսյանին` խնդրելով նշել.

1․ շուրջ երկու տարի համալսարանի ռազմավարական ծրագիր չունենալու պատճառը,

2. ինչպե՞ս է 2025 թ. մարտ ամսին հոգաբարձուների խորհուրդը կազմակերպել ռեկտորի ընտրության մրցույթ և ընտրել ռեկտոր:

3. ի՞նչ քայլեր է ձեռնարկում հիմնադիրը բուհի հավատարմագրում չունենալու պատճառները ճշտելու, պատասխանատուներին պատասխանատվության ենթարկելու և հավատարմագրման բացակայությունից բխող հետևանքները վերացնելու ուղղությամբ:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանձնարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին և էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին պատրաստել պատասխանի նախագիծ, չնայած նրան, որ հարցերն ուղղված էին ագրարայինի խորհրդի անդամ Զարուհի Մաթևոսյանին: Երկու նախարարները նույն օրը պատասխանի նախագծերը ուղարկել են վարչապետի աշխատակազմ: Եվ, օ՜ զարմանք: Պապոյանի ու Անդրեասյանի պատասխանները բովանդակությամբ, ձևակերպումներով, տերմիններով, հիմնավորումներով համընկնում են: Շատ գովելի է, որ կառավարությունում նույն ներդաշնակ մտածողությունն ու բառապաշարն ունեն ոչ միայն Ժաննան ու Գևորգը, այլ նաև հանձնարարականի անմիջական կատարողները: Սա հիմք է տալիս ենթադրելու, որ Արայիկ Հարությունյանի հանձնարարականը կատարել են ոչ թե երկու նախարարություններում և, ինչպես իրենք են նշել, համաձայնեցրել ագրարայինի հետ, պարզապես ագրարային համալսարանում: Դա փաստում է նաև պատասխանի բովանդակության բացակայությունը:

Ինչևէ, այժմ անդրադառնանք պատասխանին ըստ էության:

1.Շուրջ երկու տարի ռազմավարական ծրագիր չունենալու վերաբերյալ

ա) հստակ ընդունել եք, որ ագրարային համալսարանը 2025 թ. հունվարի 1-ից գործում է առանց ռազմավարական ծրագրի,

բ) մեջբերել եք ՀԱԱՀ կանոնադրության 29-րդ հոդվածը, որով սահամանվում է, որ հոգաբարձուների խորհուրդը հաստատում է ՀԱԱՀ գործունեության ՏԱՐԵԿԱՆ և ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ծրագրերը: Եթե խորհուրդը հաստատել է տարեկան ծրագիր, ապա հրապարակե՛ք 2019-2026 թթ.  թվով 8 տարեկան ծրագրերը: Չեք կարող, որովհետև չկան,

գ) նշել եք, որ 2025թ. նոյեմբերի 25-ին քննարկել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագիրը և որոշել է այն քննարկել հետագայում: Դրանից անցել է ևս 4 ամիս: Կրկին չկա ռազմավարական ծրագիր,

դ) նշել եք, որ մինչ այդ համալսարանն առաջնորդվում է 2025 թ. մարտի 19-ին խորհրդի կողմից հաստատած ՀԱԱՀ զարգացման և բարեփոխումների հայեցակարգով: Ինչի՞ մասին է խոսքը: Այդ օրը խորհուրդն ընտրել է ռեկտոր: Ի թիվս ռեկտորի 4 թեկնածուների ռեկտորի թեկնածու Հրաչյա Զաքոյանը ներկայացրել է «ՀԱԱՀ զարգացման և բարեփոխումների հայեցակարգ» անվանումով փատաթուղթը, որը սահմանված է ռեկտորի ընտրության կանոնակարգով: Այլ կերպ ասած, սա թեկնածուի նախընտրական ծրագիրն է: Նախ որևէ իրավական հիմքով հոգաբարձուների խորհուրդը չէր կարող հաստատել թեկնածուներից որևէ մեկի նախընտրական ծրագիրը, երկրորդ էլ այդ նիստում նման որոշում ՉԻ ԸՆԴՈՒՆՎԵԼ (Արայի՛կ, այդ նիստի արձանագրությունը 12 էջ է, ծավալի պատճառով չենք տեղադրում, սակայն դու կարող եք պահանջել և համոզվել, իսկ եթե չտան՝ մենք կուղարկենք): Իսկ թե ինչո՞ւ են խաբում քեզ, դա ևս կարող եք ճշտել: Ի դեպ, ՀԱԱՀ ռեկտորի ընտրության կանոնակարգով հստակ սահմանվում է ռեկտորի ընտրության նիստի օրակարգը, հետևաբար այլ հարց չէր կարող քննարկվել կամ քվեարկվել:

ե) Արայի՛կ ջան, կառավարությունն ունեցել է հայեցակարգերի, ռազմավարությունների, ծրագրերի կազմման մեթոդական ուղեցույց: Խնդրում ենք դա ուղարկել էկոնոմիկայի, ԿԳՄՍ նախարարություններ և ագրարային համալսարան, որպեսզի կարողանան այդ հասկացությունները իրարից գոնե տարբերեն:

2-րդ հարցի վերաբերյալ ընդհանրական պատասխանին անդրադառնալու անհրաժեշտություն թերևս չկա:

3.ի՞նչ քայլեր է ձեռնարկում հիմնադիրը բուհի հավատարմագրում չունենալու պատճառները ճշտելու, պատասխանատուներին պատասխանատվության ենթարկելու և հավատարմագրման բացակայությունից բխող հետևանքները վերացնելու ուղղությամբ:

ա) փաստել եք, որ ագրարային համալսարանը 2025 թ. հունիսի 22-ից չունի պետական հավատարմագրում,

բ) հավատարմագրման ժամկետների հետ կապված, նշել եք, որ գործող կարգի համաձայն հավատարմագրման ժամկետի ավարտից ԱՌՆՎԱԶՆ 1 տարի առաջ ուսումնական հաստատությունը կարող է դիմել ՈԱԱԿ՝ նոր գործընթացներ սկսելու համար:  

Արայի՛կ ջան, ագրարային համալսարանը ՈԱԱԿ դիմել է 2025 թ. հունիսի 12-ին՝ հավատարմագրման ժամկետից 9 օր առաջ: Այնինչ, պետք է դիմեր ԱՌՆՎԱԶՆ 1 տարի առաջ՝ ԱՌՆՎԱԶՆ 2024 թ. հունիսի 21-ին: Քո նախկին ենթակա Ռուբեն Թոփչյանը կփաստի, որ հավատարմագրման պրոցեսը տևում է 7 ամիս:

գ) նշել եք, որ 2025 թ. ապրիլի 17-ից հետո է համալսարանը ունեցել հավատարմագրման նպատակով ՈԱԱԿ դիմելու հիմնավորում, այսինքն, կառավարության կողմից ընտրության արդյուների հաստատումը: Ռեկտոր ընտրված անձը 2023 թ. դեկտեմբերի 26-ից, լինելով պրոռեկտոր, միաժամանակ կատարել է ռեկտորի պարտականությունները:

Խնդրում ենք հրապարակել որևէ իրավական ակտ, որտեղ գոնե մի նախադասություն լինի նշված, որ համալսարանի ռեկտորի պարտականությունների կատարողին արգելված լինի սկսել հավատարմագրման գործընթաց: Ռեկտորի պարտականությունները կատարողը  կարող էր, օրինակ, համալսարանի բյուջեից միլիարդավոր դրամների ծախսումներ անել, սական ՈԱԱԿ դիմում ներկայացնել չէ՞ր կարող:

դ) նշել եք, որ ՀԱԱՀ անընդհատ շարունակել է ներկայացնել ընթացիկ հաշվետվություններ ՈԱԱԿ-ին, ինչպես նաև անցել է ՈԱԱԿ-ի մշտադիտարկումներ՝ վերջինը տեղի է ունեցել 2025թ. մայիսի 23-ին https://shorturl.at/ny6z1, և այս հանգամանքը վկայում է, որ որակի ապահովման գործընթացը չի ընդհատվել և իրականացվել է սահմանված կարգով:

Արայի՛կ ջան, նեղություն քաշիր, այս հղումով կմտնեք ՈԱԱԿ-ի կայք: Նյութը վերաբերում է այդ ժամանակ դեռ գործող հավատարմագրման փաստացի վիճակի մշտադիտարկմանը: Այս թեմայի հետ որևէ կապ չունի:

ե) վերջում նշել եք, որ ՀԱԱՀ հաշվետու է եղել ոչ միայն ՈԱԱԿ-ին, այլև Times Higher Education impact Rankings-ին: Արայիկ ջան, Rankings-ն է մեղավո՞ր ագրարայինի չհավատարմագրման հարցում:

Արայիկ Հարությունյա՛ն, 2,5 տարի ԿԳՄՍ նախարար եք աշխատել: Տգեղ է, երբ Գևորգի, Ժաննայի ու Հրաչյայի պատճառով նման դրության մեջ եք հայտնվում: Շատ տգեղ է, երբ վարչապետի աշխատակազմի ղեկավարի հանձնարարականը նման ձևով են կատարում: Որքան տեղյակ ենք, Սեդրակ Սիմոնյանը վարչապետի աշխատակազմում փոստատարի հաստիք չի զբաղեցնում:

Հ.Գ. Ի դեպ ձեր իսկ ուղարկած պատասխանում հստակ ակնարկ կա, որ ռազմավարական ծրագրի չլինելու հարցում մեղավոր է հոգաբարձուների խորհուրդը, իսկ հավատարմագրման հարցում ՝  կառավարությունը: