Միասին կարող ենք
կարևոր
697 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-24 19:12
Աշխարհ

Իսրայելը կօկուպացնի Լիբանանի հարավի մի հատված. պաշտպանության նախարար

Իսրայելը կօկուպացնի Լիբանանի հարավի մի հատված. պաշտպանության նախարար

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ բանակը կգրավի Լիբանանի հարավային շրջանները՝ մինչև Լիտանի գետն ընկած հատվածը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Իսրայելն առաջին անգամ է հստակ հայտարարում, որ մտադիր է գրավել այդ տարածքները, որոնք կազմում են Լիբանանի գրեթե մեկ տասներորդ մասը։

Կացը նախկինում զգուշացրել էր Լիբանանի կառավարությանը, որ երկիրը տարածքներ կկորցնի, եթե չզինաթափի Թեհրանի կողմից աջակցվող «Հեզբոլլահ» խմբավորմանը։

«Հեզբոլլահ»-ը Լիբանանին ներքաշեց Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմի մեջ, երբ մարտի 2-ին կրակ բացեց Իսրայելի վրա՝ ի աջակցություն Թեհրանի։

Մարտի 24-ին զինված ուժերի շտաբի պետի հետ հանդիպման ժամանակ Կացը նաև հայտնել է, որ զինվորականները «կվերահսկեն մնացած կամուրջները և անվտանգության գոտին մինչև Լիտանի գետ» և կստեղծեն պաշտպանական բուֆերային գոտի։

Իսրայելն ավելի վաղ պայթեցրել էր Լիտանի գետի վրայով անցնող մի քանի կամուրջ՝ «Հեզբոլլահ»-ի տեղաշարժին խոչընդոտելու համար։

Կացի հայտարարությանն արձագանքել է «Հեզբոլլահ» շարժման օրենսդիրներից մեկը՝ Հասան Ֆադլալլահը։ Նա Reuters գործակալությանը հայտնել է, որ խմբավորումը կկռվի, որպեսզի իսրայելական զորքերին թույլ չտա գրավել Լիբանանի հարավը։ Նրա խոսքով՝ օկուպացիան «գոյութենաբանական սպառնալիք» կստեղծի Լիբանանի համար՝ որպես պետություն։

Ավելի վաղ Լիբանանի նախագահ ժոզեֆ Աունն Իսրայելի հետ ուղիղ բանակցությունների կոչ էր արել՝ խոստանալով զինաթափել «Հեզբոլլահ» շարժմանը։