կարևոր
697 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-12 09:44
Հասարակություն

Հակաեկեղեցական «բարենորոգման»... հակառակ կողմը. «Փաստ»

Հակաեկեղեցական «բարենորոգման»... հակառակ կողմը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանին երևի ինչ-որ պահի պետք լինի... շնորհակալություն հայտնել: Չզարմանաք՝ Հայ առաքելական եկեղեցու դեմ նրա հայտարարած պատերազմի կամ հարձակումների համար:

Իհարկե, ենթադրելի ու անհավանական «շնորհակալության» ենթատեքստը բոլորովին այն չէ, ինչ կցանկանար Նիկոլ Փաշինյանը: Ավելին, նրա հայտարարած «բարենորոգման» ընթացքն էլ այն չէ, ինչ նա կցանկանար, բայց հենց այդ կոնտեքստում էլ առաջ է գալիս մեր նշած «շնորհակալության» հանգամանքը: Բանն այն է, որ Հայ առաքելական եկեղեցու դեմ Փաշինյանի հարձակումը կամ, ինչպես ինքն է ասում, «բարենորոգումը» բազմաթիվ բացահայտումների տեղիք տվեց: Ու ինչպիսի՜ բացահայտումների: Ընդսմին, ինչպիսի՞ն է փաշինյանական հակաեկեղեցական «բարենորոգումների» հակառակ կողմը:

Տեսեք. չլիներ Փաշինյանը, մի քանի անարժան, տիրադավ եպիսկոպոսների իրական պատկերն ու դեմքը գուցե չէինք էլ տեսնի, դիմակները չէին պատռվի:

Իսկ Փաշինյանի «գործունեության» շնորհիվ... բացահայտվեցին թաքնված տիրադավներ:

Բացահայտվեց բարձրաստիճան մի քանի հոգևորական, որոնք ուրացան իրենց երդումը, ուխտը, և ելան Վեհափառի ու Մայր եկեղեցու դեմ: Մի՞թե վատ է, որ բացահայտվեցին:

Տեսանք այդ նույն տիրադավների շարքում իշխանությունն ու փողը Աստծուց ավելի վեր դասող «հոգևորականներ»: Ավելին, տեսանք, որ նրանք հազիվ 10-ը կամ 20-նն են, լավ, թող լինի՝ 25-ը... ավելի քան 600-ի շարքերում: Տեսանք, որ Հայ առաքելական եկեղեցին իսկապես կուռ է, ամուր:

Համոզվեցինք, որ մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունն իսկապես իր Եկեղեցու հետ է:

Ավելին, չլինեին Փաշինյանի հալածանքներն ու դրանցով հարուցված փորձությունները, մեր բազմաթիվ հոգևոր հայրերի իրական և օրինակելի նկարագրին շատերս գուցե թե անծանոթ մնայինք:

Այս հալածանքները բացահայտեցին իրական հոգևոր առաջնորդների վառ կերպարներ, անհատների, հոգևոր գործիչների, որ չընկրկեցին ոչ մի ճնշման, ոչ մի նենգ սպառնալիքի ու զազրախոսության, ոչ մի կալանքի ու նեղության առաջ, այլ որպես իրական քրիստոնյա առաջնորդներ՝ պատվով և անկոտրում կամքով դիմագրավեցին ու դիմագրավում են այդ ամենին:

Ավելին, մեր հարյուրհազարավոր հավատացյալներ, նրանց մեջ՝ նույնիսկ ոչ այնքան կրոնական նիստուկացով ապրող մեր հայրենակիցներ, սկսեցին հաճախել պատարագների, ավելին՝ սկսեցին ուշադիր լսել, թե ինչ է ասվում այդ պատարագների, ժամերգության ընթացքում: Այսինքն, ժողովրդի մի որոշ շերտի հոգևոր գրագիտության աստիճանը բարձրացնելու յուրօրինակ խթան դարձան իշխանության ձեռնարկած հալածանքները:

Ու սա դեռ ամենը չէ:

Տեսնում ենք, որ երիտասարդությունն է մեծ հետաքրքրություն դրսևորում դեպի Ազգային եկեղեցին: Առհասարակ, ժողովուրդը միավորվում է իր Եկեղեցու շուրջ: Նույնիսկ մարդիկ, որոնք իրենք իրենց հավատացյալ չեն համարում, կանգնում են Եկեղեցու կողքին՝ հասկանալով նրա դերը ազգային ինքնության պահպանման կարևորագույն հարցում:

Հասկանալի է, որ Փաշինյանն ամենևին էլ վերը թվարկվածը չէր ուզում, հակառակը՝ նա ցանկանում է կործանել, քանդել ու ապականել մեր Եկեղեցին, բայց ինչպես ասվում է՝ «հակառակ կողմը» ստացվեց: Ճիշտ է, նա դեռ շարունակում է իր պատերազմն ու դեռ շարունակելու է, նա պատրաստ է ամեն ինչի, բայց փաստերից հեռու չեն փախչի: Իսկ փաստն այն է, ինչ նշվեց վերևում...