կարևոր
706 դիտում, 2 ժամ առաջ - 2026-02-03 17:22
Քաղաքական

2021թ․ «ԿԱ՛ ԱՊԱԳԱ ԿԱ՛» նախընտրական բառախաղը 2026թ․ վերածվեց՝ «ԱՍՏՎԱԾ Է՛Լ ԲԵԹԱՐԻՑ ԱԶԱՏԻ» իրավիճակի․ Արտակ Զաքարյան

2021թ․ «ԿԱ՛ ԱՊԱԳԱ ԿԱ՛» նախընտրական բառախաղը 2026թ․ վերածվեց՝ «ԱՍՏՎԱԾ Է՛Լ ԲԵԹԱՐԻՑ ԱԶԱՏԻ» իրավիճակի․ Արտակ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ո՞րն է խաղաղության իրական բանաձեւը

Զանգվածային ձախողումների մատնված կառավարության համար, ընտրություններում ամեն գնով վերարտադրվելը դարձել է միակ նպատակը։ Չկա այլ նպատակ։ Մնցյալը՝ խաբկանք է։

Չկա Արցախը՝ փախարենը կան բռնի տեղահանված ու տնավեր դարձած 150 հազար արցախցիներ։

Չկան անվտանգային երաշխիքներ՝ փոխարենը կան ահագնացած մարտահրավերներ ու նորանոր սպառնալիքներ։

Չկան բացված կոմունիկացիաներ՝ փոխարենը կա մտադրությունների մասին ստորագրված հուշագիր ու Հայաստանի տարածքում գերտերությունների սուր հակասության տանող թուրք-ադրբեջանական մտահաղացում։

Չկան ազատագրված ՀՀ սուվերեն տարածքները՝ փոխարենը կա սահմանազատման մասին ինչ-որ «կանոնադրություն» ու ամենակարող «տավուշյան պատը»։

Չկա սոցիալ-տնտեսական կյանքի բարելավում՝ փոխարենը կա կրկնապատկված պետական պարտք, շոշափելի գնաճ, արտաքին ներդրումների բացակայություն և իհարկե՝ պարգևավճարները։

Չկան արտաքին քաղաքական ձեռքբերումներ՝ փոխարենը կա ցուցադրվող հակառուսականություն, արևմտյան սին քաջալերանքներ, անվերջ նսեմացնող ադրբեջանական պահանջ-թելադրանքներ և թուրքական կուրացիա։

Չկա ներքին համերաշխություն ու հանդուրժողականություն՝ փոխարենը կան քաղբանտարկյալներ, պառակտում ու վիարվորանք տարածող կիսապաշտոնական խուսույթ, հասարակության շերտերում ատելության սերմանում ու միմյանց չլսելու անհարգալից մթնոլորտ։

Չկա խաղաղության պայմանագիր՝ փոխարենը կա նախաստորագրված ու մեզ վրա ադրբեջանական ազդեցությունը մեծացնող ինչ-որ թուղթ։

Չկա էյֆորիայից կուրացած ու ՔՊ քվեարկող առաջվա «հպարտ» ժողովուրդը՝ փոխարենը կա վախի եւ/կամ նյութական կախվածության մեջ հայտնված քպական ընտրազանգված։

Եվ այլն․․․

Ու այս պայմաններում, ժողովրդի փրկչի կերպարով եկած ու աղետալի դարձած քաղաքական ուժը պետք է ամեն գնով պահի իշխանությունը։ Այդպիսինն է այսօրվա մեր իրականությունը։

2021թ․ «ԿԱ՛ ԱՊԱԳԱ ԿԱ՛» նախընտրական բառախաղը 2026թ․ վերածվեց՝ «ԱՍՏՎԱԾ Է՛Լ ԲԵԹԱՐԻՑ ԱԶԱՏԻ» իրավիճակի։

Միակ «թեզը», որ ՔՊ-ն պատրաստվում է խաղարկել առաջիկա ընտրություններում՝ «ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ԵԿԵԼ Է» աներաշխիք պատրանքն է։ Այսօրվա մեր իրավիճակում այն մեծ հավանականությամբ կարող է արժանանալ «ԱՐՑԱԽԸ ՀԱՅԱՍՏԱՆ Է ԵՎ ՎԵՐՋ» ձախողված քաղաքականության ճակատագրին։ Տխրահռչակ դիսկոտեկը և հարվածային գործիքի վրա ցուցադրվաղ շոուները վկայությունն է այն բանի, որ խաղաղությունն ու պատերազմը այլևս գործող կառավարությունից կախված չեն։

Այնինչ կայուն եւ իրական խաղաղություն ունենալու համար պետք է վերաձևակերպել հայկական պետականության՝ առնվազն միջնաժամկետ նպատակների, խնդիրների և արդյունավետ գործառույթների ամբողջական համալիրը։ Դա պետք է ուղղված լինի հասարակության ամբողջական ներուժի համախմբմանն ու Հայաստանի Հանրապետության պետականության կարողությունների ու ինքնիշխան դերակատարության վերարժևորմանը։ Այն պետք է կարողանա հավասարակշռել եւ արդյունավետորեն դիմագրավել տարածաշրջանում առկա եւ սպասվող բոլոր մարտահրավերներին ու սպառնալիքներին։

Անհրաժեշտ է,

1․ Մշակել և իրագործել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության և պաշտպանունակության նոր մոդելի ռազմավարություն (առաջիկայում կանդրադառնամ դրա սեղմագրերին)։

2․ Մշակել և իրագործել ԶՈՒ և հասարակության զարգացման ու արդիականացման նոր հայեցակարգ՝ փոփոխվող աշխարհակարգի ու նորացվող տեխնոլոգիաների պայմաններում (առաջիկայում կանդրադառնամ)։

3․ Վերականգնել ու ամրապնդել ներքին անվտանգության, հանրային համերաշխության և սոցիալական արդարության իրավական ու բարոյա-հոգեբանական խարխլված նորմերը։

4․ Մշակել համահունչ և ճկուն արտաքին քաղաքականության հիմունքները, հիմնական նպատակներն ու առաջնահերթությունները (առաջիկայում կանդրադառնամ)։

Ժամանակակից աշխարհում խաղաղ գոյակցության հիմնախնդիրը միայն նախկին ժամանակների ընկալումների մեջ չի լինելու։ Եթե չեն կարակում ու չեն սպանում՝ դեռևս չի նշանակում, որ խաղաղություն է, կամ մեր շուրջն ամեն ինչ խաղաղ է։ Փոխվել և փոխվում են տարբեր ազգերի, պետությունների, քաղաքակրթությունների և կրոնական համայնքների միջև խաղաղության պահպանման ջանքերն ու մեխանիզմները։

Որպես անվտանգության կենսական կարիք ունեցող ազգ-պետություն՝ մենք պետք է պատրաստ լինենք, և ունենանք խաղաղության ու կայուն զարգացման մեր բանաձևերը»։