Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում, որտեղ քննարկվում էր Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելու հարցը, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը հարցրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանից, թե ի՞նչ վնասներ է կրելու Հայաստանը Ռուսաստանի նկատմամբ իրականացվող պատժամիջոցների արդյունքում:
Սուրեն Կարայանը նշեց, որ Հայաստանի ու Ռուսաստանի տնտեսությունները այնքան են փոխկապակցված, որ Ռուսաստանի վրա բացասաբար ազդող պատժամիջոցները չեն կարող իրենց ազդեցությունը չունենալ Հայաստանի տնտեսության վրա` անկախ այն բանից,` Հայաստանն անդամակցում է ԵՏՄ-ին, թե` ոչ:
Ավելի ուշ իր ելույթում Խաչատուր Քոքոբելյանը նշեց, որ թեև ԵՏՄ-ին անդամակցելու հարցը քննարկվում է ԱԺ-ում, սակայն բովանդակային քննարկում այդպես էլ տեղի չի ունենում: Բաց են մնում մի շարք հարցեր, թե ո՞ր ապրանքներն են թանկանալու, ռուբլու և դրամի արժեզրկման հարցը, Հայաստանի ու Արցախի միջև մաքսակետի տեղադրման հարցը, որովհետև, ըստ պատգամավորի, այդ հարցին տրվում են նկարագրական պատասխաններ` համեմված բարի ցանկություններով: Քոքոբելյանի կարծիքով` եթե ԵՏՄ որոշումները պարտադիր են լինելու Հայաստանի համար, ուրեմն այդ կառույցը հակասում է ՀՀ Սահմանադրությանը և անկախության հռչակագրին, որոնք բացառում են վերազգային կառույցների գոյությունը:
«Վերջում ուզում եմ ասել` Աստված էլ բեթարից ազատի»,- ասաց Խաչատուր Քոքոբելյանը` նկատի ունենալով ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը հարցրեց Սուրեն Կարայանին ԵՏՄ դատարանի մասին` ինչպե՞ս է աշխատելու այդ դատարանը, որպեսզի չվերածվի «բասմանյան» դատարանի ու չվնասի հայ գործարարներին:
Սուրեն Կարայանը պատասխանեց, որ ԵՏՄ դատարանի հետ կապված երաշխիքն այն է, որ ամեն երկիր հավասարաչափ է ներկայացվելու, և որոշումները կոլեգիալ սկզբունքով են ընդունվելու:
Թևան Պողոսյանն իր ելույթում մատնանշեց մի քանի մտահոգություններ` ԵՏՄ-ի հետ կապված: «Տնտեսությունն ունի հատկություն` ուշ, թե շուտ վերածվում է քաղաքականության: Ի՞նչ մեխանիզմներ են ստեղծվելու, որ կարողանանք պահել մեր քաղաքացիների շահերը ԵՏՄ անդամ պետություններում: Մենք մտում ենք մի տարածք, որը կդժվարացնի արտասահմանյան լուրջ ներդրումների հարցը: Այն գումարները, որոնք ձևավորվել են ԵՏՄ անդամ պետություններում, դրանք մեծ մասամբ կեղտոտ փողեր են: Ի՞նչ մեխանիզմներ են լինելու, որ Հայաստանը կեղտոտ փողերի լվացման տեղ չդառնա»,- ասաց պատգամավորը: