կարևոր
1135 դիտում, 1 ժամ առաջ - 2026-01-13 22:45
Աշխարհ

Առաջիկա ժամերին Իրանի դեմ ռազմական գործողությունների հավանականությունը բարձրանում է. Արամ Շահնազարյան

Առաջիկա ժամերին Իրանի դեմ ռազմական գործողությունների հավանականությունը բարձրանում է. Արամ Շահնազարյան

Իրանում առկա զոհերի թվի վերաբերյալ այս պահին պաշտոնական աղբյուրները որևէ հստակ տվյալ չեն հրապարակում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց Իրանում հրապարակվող «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանը՝ ընդգծելով, որ ինքն անձամբ չունի ճշգրիտ և հաստատված տեղեկատվություն զոհերի ի թվի մասին։

Նրա խոսքով՝ այն, որ զոհեր կան և նրանց թիվը կարող է բարձր լինել, ակնհայտ է, սակայն լրատվամիջոցների կողմից շրջանառվող՝ մինչև 2000 զոհի մասին տվյալներին պետք է մոտենալ զգուշությամբ։

«Կարող է խոսքը գնալ մի քանի հարյուր զոհի մասին, բայց 2000-ի վերաբերյալ ես որևէ հավաստի տեղեկություն չունեմ և այդ թվերին կվերաբերեմ վերապահումով»,- նշեց Շահնազարյանը։

Նա հիշեցրեց, որ մինչ Թրամփի վերջին հայտարարությունը դեռևս առկա էին դիվանագիտական անուղղակի շփումներ և միջնորդական լուրջ ջանքեր՝ Օմանի, Թուրքիայի, Իրաքի, նույնիսկ Սաուդյան Արաբիայի մասնակցությամբ, որոնք նպատակ ունեին կանխել Իրանի և Միացյալ Նահանգների միջև հնարավոր ռազմական բախումը։

«Բոլորը հասկանում էին, որ պատերազմը տարածաշրջանը կարող է ներքաշել լուրջ քաոսի մեջ և որևէ մեկի շահերից չի բխում»,- ընդգծեց նա։
Սակայն իրավիճակը կտրուկ փոխվեց Թրամփի վերջին հայտարարությունից հետո, երբ ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ հրահանգել է դադարեցնել Իրանի հետ բոլոր բանակցությունները, կոչ արեց Իրանի ընդդիմությանը շարունակել պայքարը և ակնարկեց մոտ ապագայում օգնության մասին։ Շահնազարյանի կարծիքով՝ այս հայտարարությունը զգալիորեն բարձրացնում է սահմանափակ ռազմական հարվածի կամ այլ կոշտ գործողությունների հավանականությունը։
Նրա գնահատմամբ՝ Սպիտակ տանը Իրանի դեմ կոշտ գործողությունների կողմնակից «կարծր թևը» այս փուլում ստացել է որոշակի առավելություն և կարողացել է ազդել Թրամփի վրա։

«Հաշվի առնելով Թրամփի բնավորությունն ու գործելաոճը՝ եթե որոշում կայացված է, ապա այն կարող է շատ արագ իրականացվել»,- ասաց նա։
Շահնազարյանը զոհերի թվի շուրջ բարձր ցուցանիշների շրջանառությունը կապում է միջազգային հանրային կարծիքի նախապատրաստման հետ։ Նրա խոսքով՝ նման տվյալները կարող են օգտագործվել ապագա գործողություններին լեգիտիմություն հաղորդելու համար։
«Մարդկային մեծ զոհերի մասին խոսակցությունները կարող են ծառայել որպես հիմնավորում՝ ներկայացնելու, թե իբր հարվածը հասցվում է այն ռեժիմի դեմ, որը կրակ է բացում սեփական ժողովրդի վրա։ Նույնիսկ եթե հետագայում պարզվի, որ թվերը ուռճացված են, գործողությունն արդեն իրականացված կլինի»,- նշեց նա։

Շահնազարյանը ընդգծեց, որ ներկայում Իրանի դեմ ընթանում է տոտալ տեղեկատվական պատերազմ՝ քարոզչական և հոգեբանական հարթություններում։ Նրա հաշվարկներով՝ ավելի քան 250 տեղեկատվական հարթակ միջազգային մակարդակով զբաղված են հակաիրանական քարոզչությամբ՝ թիրախավորելով թե՛ իրանական հասարակությանը, թե՛ միջազգային հանրությանը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: