կարևոր
8257 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-28 17:46
Արցախ

Արցախ-ՀՀ հարաբերությունները ձեւափոխվել են Հարությունյան- Փաշինյան շփումների. Արցախի ԱԺ պատգամավոր

Արցախ-ՀՀ հարաբերությունները ձեւափոխվել են Հարությունյան- Փաշինյան շփումների. Արցախի ԱԺ պատգամավոր

Արցախի իշխանությունները Նիկոլ Փաշինյանի հետ այնպիսի թելերով են կապված, որ չեն կարողանում ընդդիմանալ: Արցախ-Հայաստան տասնամյակների հարաբերությունները ձեւափոխվել են, դարձել  Արայիկ Հարությունյան-Նիկոլ Փաշինյան շփումներ. այս մասին Yerkir.am–ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը:

Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանը ռուս խաղաղապահներին է մեղադրում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված վիճակի համար ու ողջ պատասխանատվությունը թողնում Ռուսաստանի վրա: Ինքն էլ ասում է, թե ոչինչ չունի անելու: Պատգամավորը հիշեցնում է Փաշինյանին, որ իր ստորագրությամբ է Լաչինի միջանցքն անցել ռուս խաղաղապահների վերահսկողության տակ ու ասում՝ Փաշինյանն անգամ իր ստորագրությունը չի հարգում, նրանից հայանպաստ ոչինչ չարժե սպասել:

«Նիկոլ Փաշինյանն իր ոչ հայանպաստ քայլերին մասնակից է դարձնում նաեւ Արցախի իշխանություններին, և  Արցախի իշխանությունները բոլոր հարցերում քար լռություն են պահպանում՝ բացառությամբ խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի: Երբ Արցախի խորհրդարանական ուժերը արձագանքում են Փաշինյանի ոչ հայանպաստ հայտարարություններին, Արցախի գործադիր իշխանությունը լռում է: Ես չգիտեմ՝ ինչ պարտավորություններ ունեն Փաշինյանի առաջ, կամ ինչ թելերով են փոխկապակցված, որ չեն կարողանում Փաշինյանի վարած քաղաքականությանը գնահատական տալ», - ասում է ընդդիմադիր խմբակցության ղեկավարը։

Պատգամավորի խոսքով, Հայաստանի խորհրդարանի իշխող ուժի պատգամավորների մեջ կան վարձու պատգամավորներ, որոնք մեր հայտարարություններից հետո իրենց վարձն աշխատելու համար հոխորտանքներ են հնչեցնում Արցախի հասցեին, որին Արցախի ղեկավարությունը չի արձագանքում: Պատգամավորը լավատեսորեն արձանագրում է՝ Արցախը կանգուն է, եւ իրենք կարողանալու են տեր կանգնել հայրենի հողին: Հուսով է՝ Հայաստանում ժողովուրդը կզարթնի ու կմերժի հակահայ իշխանություններին, համախմբման արդյունքում էլ ճգնաժամից կկարողանանք դուրս գալ:

Հիշեցնենք՝ Ադրբեջանը շուրջ չորս ամիս Արցախը շրջափակման մեջ պահելուց հետո, ապրիլի 23-ին անցակետ է դրել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի սկզբնամասում՝ Հակարի կամուրջի վրա։

 

Անի Նահապետյան